Սերբիայի ՊՆ-ն հայտնել է, որ բանակը դեռ չի հատել Կոսովոյի հետ սահմանը

Սերբական բանակը դեռ չի հատել Կոսովոյի և Մետոհիայի հետ վարչական գիծը։ Այս մասին կիրակի հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը՝ կոչ անելով տարածաշրջանային լրատվամիջոցներին ապատեղեկատվություն չտարածել, փոխանցում է Danas-ը։

«Հաշվի առնելով մեծ քանակությամբ ապատեղեկատվություն, որը Պրիշտինայի վարչակազմը տարածում է համացանցում կեղծ հաշիվների և առանձին պորտալների միջոցով, և որոնք վերաբերում են սերբական բանակի և այսպես կոչված Կոսովոյի ոստիկանության միջև ենթադրյալ բախումներին, պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սերբական բանակը դեռ չի հատել վարչական գիծը և չի մտել Կոսովոյի և Մետոհիայի տարածք»,- ասված է հաղորդագրությունում։

Բնակելի շրջաններում ազդանշաններ են միացել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժողովրդին ուղղված ուղերձում ասել էր, որ իրավիճակը Կոսովոյում և Մետոհիայում հնարավորինս բարդացել է սերբերի համար։ Սերբիայի ղեկավարը հայտարարել է Պրիշտինայի պլանների մասին՝ օգոստոսի 1-ի գիշերը սերբական հյուսիսային սահմանները գրոհելու վերաբերյալ։

Այս պահի դրությամբ հայտնի է, որ չճանաչված Կոսովոյի հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել սերբի՝ փորձելով ճեղքել բարիկադները։

Սերբերը որևէ կերպ ընդունելի չեն համարում Կոսովոյի այնպիսի կարգավիճակ, որով երկրամասը կստանա անկախություն, մինչդեռ ալբանացիները անկախությունից ցածր կարգավիճակը համարում են անընդունելի: Սերբերը Կոսովոն համարում են բնիկ սերբական հող, ալբանացիներին` եկվորներ, որոնք տարիների ընթացքում երկրամասում դարձել են մեծամասնություն: 1918 թվականին, երբ կազմավորվեց նախկին Հարավսլավիան (Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա, Չեռնոգորիա (Մոնտենեգրո), Մակեդոնիա, Բոսնիա-Հերցեգովինա), գերազանցապես ալբանացիներով բնակեցված Կոսովոն ինքնավար մարզի կարգավիճակով անցավ Սերբիայի կազմ:

Ներկայումս Կոսովոն ՄԱԿ-ի անդամ 193 պետություններից 97-ի կողմից ճանաչվում է որպես անկախ պետություն։ Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի անդամ 112 պետություններ ինչ-որ պահի ճանաչել են Կոսովոն, որոնցից 15-ը հետագայում չեղարկել է իրենց ճանաչումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել