Նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ չնայած ուկրաինական կործանիչների հաջողություններին և ռուսական կորուստներին, հակառակորդը դեռևս քաջություն չունի ընդունելու պարտությունը և դուրս գալ ուկրաինական հողից։ Հայտնում է Украинсакая правда-ն։
«Ռուսաստանի Դաշնությունն արդեն շատ լավ զգացել է, թե ինչ է ժամանակակից հրետանին, և նրանք չեն ունենա անվտանգ թիկունք մեր այն տարածքներում, որոնք օկուպացրել են։ Նրանք զգացին, որ մեր հետախույզների գործողությունները՝ հայրենիքը պաշտպանելու համար, ավելի ուժեղ են, քան նրանց ցանկացած հատուկ գործողություն։
Ռուս զինվորները, անկեղծորեն վախենում են մեր զինված ուժերից, դա մենք գիտենք նրանց խոսակցությունների գաղտնալսումից։ 139 օր, գրեթե 20 շաբաթ, աշխարհի, այսպես կոչված` երկրորդ բանակը վախենում է ուկրաինացիներից, և կարողանում է ինչ-որ բան անել հին սովետական զենքի անհուն պաշարների հիման վրա։
Քաջության փշուր անգամ չկա՝ ընդունել պարտությունը և զորքերը դուրս բերել Ուկրաինայի տարածքից»,-ասել է նախագահը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։