Գերմանիայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Սերովբե Իսախանյանը կոչով դիմել է Գագիկ Ծառուկյանին, որում նշված է․
«Հարգելի պարոն Ծառուկյան,
Այսօր մամուլից տեղեկացանք, որ, առանց անսալու բազմաթիվ անձերի ու հաստատությունների կոչերին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հորդորներին, անայլայլ կերպով շարունակում եք իրագործել Հիսուս Քրիստոսի հսկա արձանը կառուցելու Ձեր ծրագիրը, կատարել եք նույնիսկ հիմնարկեքը։
Որպես հայ մարդ, հոգեւորական ու եպիսկոպոս, աղաչում, խնդրում, պահանջում եմ, ի սեր Աստծո, դադարացրե՜ք այս ծրագրի իրագործումը։ Այն պարզապես հարիր չէ բազմադարյա հայ մշակույթին, խորթ է մեր մտածելակերպին, դեմ է Հայ Եկեղեցու հաստատած ավանդույթներին։
Աշխարհի շատ երկրներում շատ ու շատ մշակութային, պատմական ու կրոնական կոթողներ կան, որ չկան Հայաստանում, եւ դա բնական է։ Հայաստանն աշխարհին ներկայանում է բազում մշակութային, պատմական ու կրոնական արժեքներով, որ չկան աշխարհի եւ ոչ մի ուրիշ երկրում։ Եւ սա էլ բնական է։ Մեզ ծիծաղի առարկա մի՜ դարձրեք, կաթոլիկյան աշխարհին հատուկ մի երեւույթ մի՜ պատճենահանեք մեր աշխարհում։ Հիսուս Քրիստոսի արձանը ո՜չ կավելացնի մեր հավատքը, ո՜չ կամրապնդի մեր քրիստոնեական արժեհամակարգը, ո՜չ էլ աշխարհի աչքին կբարձրացնի Հայաստանի վարկն ու հեղինակությունը։
Դուք բազում-բազում բարի գործեր եք կատարել, որոնք ընդունվել ու գնահատվել են հայության կողմից` Հայաստանում թե արտերկրում։ Ձեր բարերարությամբ վեր են խոյացել բազմաթիվ եկեղեցիներ, դպրոցական, կրթական ու մարզական հաստատություններ։ Հազար շնորհակալություն Ձեզ։ Հայ ժողովուրդը երախտապարտ է Ձեզ` այս իրագործումների համար։ Դրանցից յուրաքանչյուրը եղել են անհրաժեշտ ու օգտաշատ իրագործումներ։ Հիսուս Քրիստոսի արձանը ո՜չ անհրաժեշտ է, ո՜չ էլ օգտաշատ, ո՜չ էլ օրհնաբեր։
Դրամը Ձերն է, Դուք կարող եք բնականաբար այն ծախսել Ձեր նախընտրած ձեւով։ Ազատ եք` իրագործելու Ձեր ծրագրերն ու նախաձեռնությունները այնքան ժամանակ, քանի դրանք չեն հակասում մեր դարավոր ավանդույթներին ու ավանդություններին։
Աղաչում եմ, խնդրում եմ, պահանջում եմ, դադարացրե՜ք արձանի կառուցման աշխատանքները։ Հայաստանին Հիսուս Քրիստոսի արձան պետք չէ»։