Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող 2021-2023 թվականների գործողությունների ծրագրի 4-րդ նպատակով նախատեսված է ընտրական օրենսդրության բարեփոխումը։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված և հրապարակված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ ռազմավարության շրջանակներում ընտրական օրենսդրության բարեփոխման վերաբերյալ ընդունված իրավական ակտերի վերլուծության համաձայն՝ բազմակի քվեարկությունը բացառող երաշխիքներն ավելացում և քվեարկության գործընթացների մատչելիության ապահովվումը մասամբ է կատարվել։
Վերլուծության մեջ նշվում է, որ 01.04.2021թ․ և 07.05.2021թ․ընդունված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքներով փոփոխություններ է կատարվել ընտրական օրենսգրքի ընտրական քվեարկության կարգին վերաբերող 11-րդ գլխի 64-րդ, 65-րդ, 67-րդ հոդվածներում, որոնց գերակշիռ մասը տեխնիկական բնույթի են, միայն չնչին մասն է, որը ինչ-որ կերպ առնչվում է բազմակի քվեարկությունը բացառող երաշխիքներն ավելացնելուն: Դրանցից է ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրված 14-րդ մասը. «14. Եթե հանձնաժողովի անդամը, վստահված անձը կամ դիտորդը համարում են, որ քվեարկության նախապատրաստման, քվեարկության և արդյունքների ամփոփման ընթացքում կատարվել է սույն օրենսգրքով նախատեսված կարգի խախտում, ապա իրավունք ունեն պահանջելու, որ իրենց գնահատականն արձանագրվի տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում։»։
Ինչ վերաբերում է ՀՀ Ազգային Ժողովի վերջին ընտրություններին բազմակի քվեարկության դեպքերին, ապա ՀՀ դատախազությունը հայտարարել է, որ ստացել է քվեարկության ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների մասին 319 հաղորդում, որոնցից 89-ը՝ բազմակի կամ այլ անձի փոխարեն քվեարկության առնչությամբ։
Ինչպես նաև, 22.10.2021թ․ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում հրապարակվել է նյութ՝ ամփոփում՝ 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ներառյալ քարոզարշավի, քվեարկության օրը և դրան հաջորդող ժամանակահատվածում արձանագրված առերևույթ ընտրական, ինչպես նաև ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի քննության, հանցագործություն կատարած անձաց քրեական պատասխանատվության ենթարկելուն ուղղված աշխատանքների արդյունքները՝ հոկտեմբերի 15-ի դրությամբ:
Նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցված ավելի քան 80 քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 91 անձի, որոնցից 2-ին՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու կամ քվեարկելու փորձ կատարելու համար:
Այս ամենը փաստում է այն մասին, որ ՀՀ ընտրական օրենսգրքում բազմակի քվեարկությունը բացառող երաշխիքները դեռևս համակարգային, ամբողջական և արդյունավետ կերպով չեն սահմանվել:
Քվեարկության գործընթացների մատչելիության մասով ընտրական օրենսգրքի 17-րդ հոդվածը լրացվել է 6-րդ մասով, այն է՝ տեղամասային կենտրոնի եւ քվեարկության
սենյակի մատչելիության, լուսավորության եւ հանձնաժողովի բնականոն աշխատանքի ապահովման լրացուցիչ պահանջները սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ինչին համապատասխան՝ 2022 թվականի մարտի 24-ին ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակվել է «Տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի մատչելիության, լուսավորության և հանձնաժողովի բնականոն աշխատանքի ապահովման լրացուցիչ պահանջներ սահմանելու և տեղամասային կենտրոնների ցանկը ներկայացնելու օրինակելի ձևը սահմանելու մասին» N 17-Ն որոշումը14 , որը սակայն պրակտիկայում ավելի շատ դեկլարատիվ բնույթ է կրում, քան` պարտադիր: Օրինակ` նույն որոշման 1ին հավելվածով սահմանավում է Տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի մատչելիության, լուսավորության և հանձնաժողովի բնականոն աշխատանքի ապահովման լրացուցիչ պահանջները, որի 6-րդ կետը ունի ոչ պարտադիր, այլ դեկլարատիվ բնույթ.
«Հնարավորության դեպքում տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի մուտքերը լինեն 120 սմ կամ 90 սմ լայնությամբ, ունենան թեքահարթականեր (մինչև 20 սմ բարձրությամբ խոչընդոտի դեպքում թեքահարթակը պետք էլինի` 1:10 թեքությամբ, 20 սմ-ից ավելի բարձրությամբ խոչընդոտի դեպքում` 1:12 թեքությամբ)»:
Նախատեսվել է նաև, որ ԿԸՀ համացանցային կայքը պարունակում է տեղեկատվություն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչպես նաև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների գործունեության մասին, ներառյալ նիստերի ժամանակացույց, օրակարգ, նիստերի ուղիղ հեռարձակում, տեսաձայնագրություններ և որոշումներ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղեկատվությունը տեղադրվում է բաց տվյալների և մատչելի ձևաչափով:
Բազմակի քվեարկությունը բացառող երաշխիքներն ավելացմանն ու քվեարկության գործընթացների մատչելիության ապահովվմանը ուղղված նոր իրավակարգավորումների վերլուծությունը թույլ է տալիս հանգել այն եզրահանգման, որ մասամբ (չնչին կերպով) իրականացվել են բազմակի քվեարկությունը բացառող երաշխիքներն ավելացնելու և քվեարկության գործընթացների մատչելիությունն ապահովելու (բացառությամբ Հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրական գործընթացի մատչելիության ապահովման մասով) վերաբերյալ պրակտիկայում գործուն իրավակարգավորումները:
—————
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի 2019-2021 թվականների կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։