Դատաիրավական ռազմավարության շրջանակներում ԲԴԽ-ի՝ գործնականում թափանցիկության և մասնագիտական ներուժի ապահովմանն ուղղված գործողությունները չեն համապատասխանում նպատակին․ զեկույց

Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող 2021-2023 թվականների գործողությունների ծրագրի 5-րդ նպատակով նախատեսված է դատական իշխանության անկախության և անաչառության ամրապնդումը։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված և հրապարակված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ ռազմավարության շրջանակներում դատական իշխանության անկախության և անաչառության ամրապնդման վերաբերյալ ընդունված իրավական ակտերի վերլուծության համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ գործնականում թափանցիկության և մասնագիտական ներուժի ապահովման համար կատարված գործողությունները չեն համապատասխանում նպատակին։ 

Մասնավորապես՝ այս գործողությամբ նախատեսված է՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարել փոփոխություններ և լրացումներ ուղղված՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմիցոր ոշումներ ընդունելու գործընթացի բարելավմանը՝ ներառելով այդ որոշումների ընդունման թափանցիկության, պատճառաբանվածության և ընդունման համար անհրաժեշտ ձայների արդյունավետ կառուցակարգեր:

Այս գործողության վերաբերյալ ՀՀ ԱՆ-ի կողմից հրապարակված «Հայաստանի Հանրապետության Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և 2020 թվականի դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշմամբ հաստատված գործողությունների ծրագրերի 2020 թվականի երկրորդ կիսամյակում կատարման ենթակա գործողությունների ընթացքի վերաբերյալ հաշվետվությամբ ներկայացված է, որ այն կատարվել է։ Այլ նշումներ արված չեն։

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածը լրացվել և փոփոխվել է 25.03.20 թ․-ի ՀՕ-197-Ն5 և 09.02.22 թ․-ի ՀՕ-22-Ն6 օրենքներով։ Այսպես, համաձայն՝ հիշյալ հոդվածի 6-րդ մասի՝ «Դատավորին և ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև դատավորի և ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցնելու, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և ԲԴԽ անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը: Եթե քվեարկության արդյունքով որևէ որոշման օգտին բավարար քանակի ձայների բացակայության պատճառով ԲԴԽ-ն որոշում չի ընդունում, ապա համապատասխան միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված, իսկ որոշումը կազմում և ստորագրում են Բարձրագույն դատական խորհրդի այն անդամները, որոնք քվեարկել են միջնորդությունը մերժելու օգտին»:

Հարկ է նշել, որ 07.02.2018 թ․-ին ընդունված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի մայր փաստաթղթի 94-րդ հոդվածը նախքան փոփոխություններ և լրացումներ կատարելը ուներ հետևյալ բովանդակությունը․ «6.Դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ: Եթե քվեարկության արդյունքով որևէ որոշման օգտին բավարար
քանակի ձայների բացակայության պատճառով ԲԴԽ-ն որոշում չի ընդունում, ապա համապատասխան միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված, իսկ որոշումը կազմում և ստորագրում են Բարձրագույն դատական խորհրդի այն անդամները, որոնք քվեարկել են միջնորդությունը մերժելու օգտին»:

Ըստ էության, փոփոխությունները և լրացումները վերաբերում են 94-րդ հոդվածով նախատեսված որոշումների ընդունման համար անհրաժեշտ ձայների նոր քվոտայի սահմանմանը։ Մասնավորապես, նախկին կարգավորման համաձայն որոշումները կայացվում էին խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, իսկ ներկա կարգավորումներով՝ նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը: 

Դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի համաձայն՝ «2. Դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան»:

Օրենքի մայր փաստաթղթի 92-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ներկայության դեպքում»։

Գործող օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին»։ Փոփոխությունը կատարվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
09.02.22 թ․ ՀՕ-22-Ն օրենքով։

Այսպիսով, ստացվում է, նախկին կարգավորումների համաձայն՝ 94-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված որոշումները ընդունվում էին, եթե նիստին ներկա էր ԲԴԽ տասը անդամներից յոթը։ Որոշումները մերժված էին համարվում, եթե դրա օգտին կողմ էր քվեարկել նիստին ներկա առնվազն յոթ անդամներից հինգը։

Ներկա կարգավորումների համաձայն՝ որոշումները ընդունվում են եթե նիստին ներկա է ԲԴԽ տաս անդամներից հինգը։ Որոշումները մերժված են համարվում, եթե դրա օգտին կողմ է քվեարկել նիստին ներկա առնվազն հինգ անդամներից երեքը։

Փաստացի ստացվում է, որ կատարված փոփոխություններով իրականում ոչ թե ներդրվել են ԲԴԽ-ի կողմից որոշումներ ընդունելու գործընթացի բարելավման՝ ներառելով այդ որոշումների ընդունման թափանցիկության, պատճառաբանվածության և ընդունման համար անհրաժեշտ ձայների արդյունավետ կառուցակարգեր, այլ՝ նվազեցվել է կարևոր որոշումներ կայացնելու համար նախատեսված ձայների քվոտան։

Ինչ վերաբերում է ԲԴԽ-ի որոշումների պատճառաբանվածության բարելավումներին, պետք է նշել, որ այս մասով գործողություններ նույնպես չեն կատարվել։ Մասնավորապես, օրենքի 155-րդ հոդվածը, որը առնչվում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ ԲԴԽ-ի որոշմանը ներկայացվող պահանջներին և որոշման հրապարակմանը, լրացվել և փոփոխվել է 25.03.20 թ․-ի ՀՕ-197-Ն օրենքով, ըստ որի 155-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «7. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը ենթակա է բողոքարկման այն պահից սկսած մեկամսյա ժամկետում, երբ բողոք բերող անձն (մարմինը) իմացել է կամ կարող էր իմանալ սույն օրենսգրքի 156.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված ապացույցների կամ հանգամանքների մասին:».

Այսինքն, կատարված լրացումը չի նախատեսում որոշմանը ներկայացվող պահանջներ։

Ընդհանուր առմամբ, թեև 94-րդ հոդվածը վերաբերում է ԲԴԽ-ի կողմից ընդունվող ակտերին և դրանց կարգին, այդուհանդերձ փոփոխություններ և լրացումներ կատարվել են միայն հոդվածի 6-րդ մասում, որոնք վերաբերում են դատավորին և ԲԴԽի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, նրանց լիազորությունները դադարեցնելու, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և ԲԴԽ անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու որոշումների ընդունման համար անհրաժեշտ ձայների կառուցակարգեր նախատեսելուն։ Ընդ որում, այս փոփոխությունները ոչ թե բարելավել են կամ նախատեսել որոշումների ընդունման համար անհրաժեշտ ձայների արդյունավետ կառուցակարգեր, այլև վատթարացնել այն։ Ռազմավարական նպատակի առանձնահատուկ նպատակի մյուս մասերը, որոնք վերաբերում են ԲԴԽ որոշումների թափանցիկությանն ու պատճառաբանությանը, չեն կատարվել։

Վերոհիշյալ իրավական նորմերի վերլուծությունը թույլ է տալիս հանգել այն եզրահանգման, որ թեև մշակվել են օրենսդրական փոփոխություններ և լրացումներ, այդուհանդերձ դրանք չեն նախատեսում այդ որոշումների ընդունման թափանցիկության, պատճառաբանվածության և ընդունման համար անհրաժեշտ ձայների արդյունավետ կառուցակարգեր, արդյունքում չեն համապատասխանում Ռազմավարական առանձնահատուկ նպատակին։

—————

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի 2019-2021 թվականների կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել