Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթվա ընթացքում կշարունակի տնտեսական խորհրդակցությունների շարքը և կքննարկի իրավիճակը մետալուրգիայում, բացի այդ, պաշտոնական այցով Մոսկվա կայցելի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնել են  «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի ընթացքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Պաշտոնական այցով Ռուսաստան է ժամանում Հայաստանի վարչապետը։ Ներկա միջազգային իրադրությունում հատուկ նշանակության իրադարձություն է»,- նշված է ծրագրում:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետի աշխատակազմը հայտնել էր, որ ապրիլի 9-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Զրուցակիցները կարևորել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի մասին պայմանավորվածությունները: Ռուսաստանի Դաշնության նախագահը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցել նշված գործընթացներին:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժմանը: Վարչապետ Փաշինյանն արտահայտել է հայկական կողմի ակնկալիքը, որ ռուս խաղաղապահները կոնկրետ միջոցներ ձեռնարկեն ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար:

Հայաստանի վարչապետը և ՌԴ նախագահն անդրադարձել են նաև երկու երկրների տնտեսական փոխգործակցության հարցերին ու պայմանավորվել, որ նաև այս հարցերը մանրամասն կքննարկեն ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարելիք պաշտոնական այցի ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել