Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում ընթանում է ըստ պլանի, փոխանցում է ТАСС-ը։
«Հատուկ ռազմական գործողության ընթացքն ընթանում է ըստ պլանի», – ասել է նա իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Ամուրի մարզում գտնվող «Վոստոչնի» տիեզերակայանում տեղի ունեցած բանակցություններից հետո։
Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության խնդիրը դրված բոլոր նպատակներին հասնելն է՝ նվազագույնի հասցնելով կորուստները, ասել է Պուտինը։ Ուկրաինայի մի շարք շրջաններում ՌԴ ԶՈւ գործողությունները կապված են Դոնբասում ակտիվ գործողություններ իրականացնելու համար ուկրաինական ուժերին կապելու անհրաժեշտության հետ, ասել է նախագահը։
Նա նշել է, որ ուշադրությամբ հետևում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների թեմայի շուրջ ռուս հասարակության և արտասահմանյան քննարկումներին։
«Իհարկե, ես ուշադիր հետևում եմ այն քննարկումներին, որոնք տեղի են ունենում մեր հասարակությունում, դրսում, մենք չպետք է որևէ բան փակենք հանրությունից, թաքցնենք, բայց պետք է օբյեկտիվորեն լուսաբանենք այս մարտական գործողությունը», – ասել է Պուտինը՝ հավելելով, որ Ուկրաինան Արևմուտքի համար նպատակների հասնելու միջոց է, որոնք կապ չունեն ուկրաինացի ժողովրդի շահերի հետ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։