Մի ուղերձ ունեմ ռուս զինվորներին։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Եթե ցանկանում եք, որ մասնակից չլինեք ձեր ուկրաինացի եղբայրների և քույրերի սպանելուն… զենքերը վայր դրեք, հեռացեք մարտի դաշտից»,-գրել է նա։
Շառլ Միշելը նշում է, որ այն ռուս զինվորներին, ովքեր վայր կդնեն զենքերը, ապաստան տրամադրելու հնարավորություն կընձեռնվի։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։