Ե՞րբ են գումարվում ԿԲ խորհրդի նիստերը

Կենտրոնական բանկի խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության նախագահի, նրա տեղակալի կամ խորհրդի առնվազն երեք անդամի պահանջով, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Կենտրոնական բանկի խորհրդի նիստերն արձանագրվում են:

Կենտրոնական բանկի խորհրդի փակ նիստեր կարող են գումարվել, եթե քննարկվում են առանձին բանկերի հետ կապված հարցեր, որոնք բանկային գաղտնիք են պարունակում, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գաղտնի համարվող տեղեկությունների հետ կապված հարցեր կամ ապահովագրական գործունեություն իրականացնող առանձին անձանց հետ կապված հարցեր, որոնք ապահովագրական գաղտնիք են պարունակում կամ քննարկվում են խորհրդի անդամներին վերաբերող հարցեր: Կենտրոնական բանկի փակ նիստերին կարող են մասնակցել միայն Կենտրոնական բանկի խորհրդի անդամները և խորհրդի հրավերն ունեցող անձինք:

Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունել, եթե նիստին ներկա են խորհրդի անդամներից առնվազն հինգը, այդ թվում` Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա տեղակալը: Որոշումը համարվում է ընդունված, եթե կողմ են քվեարկել նիստին ներկա գտնվող անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում Կենտրոնական բանկի նախագահի, իսկ վերջինիս բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության նրա տեղակալի ձայնը որոշիչ է:

Կառավարության լիազոր ներկայացուցիչը, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի ընդունած որոշմանը դեմ քվեարկած անդամը կարող են պահանջել նիստի արձանագրության մեջ իրենց կարծիքի մանրամասն արտացոլումը:

Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իր սահմանած աշխատանքի կանոնակարգի համաձայն կարող է որոշումներ ընդունել հարցման կարգով: Հարցման կարգով որոշումն ընդունվում է վերը սահմանված քվեարկության կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել