ՀՀ կառավարությունը նախկինում ընդունած իր մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված ենհուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ։
Պետական կառավարման ոլորտում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող համապատասխան աշխատողների խմբերի հիմնական աշխատավարձի չափը բարձրացվել և համապատասխանեցվել է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձին։ Միաժամանակ պահպանվել են զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց զինվորական կենսաթոշակի գործող չափերը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում դրամական օգնություն տրամադրելիս դրամական բավարարման հաշվարկման հիմք հանդիսացող պաշտոնային գործող դրույքաչափերի մեծությունները։
Հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 45 հազ. դրամ սահմանելու հետ կապված պետական և տեղական ինքնակառավարման համակարգի բյուջետային ծախսերի կատարումն ապահովելու համար փոփոխություններ են կատարվել 2013 թ. պետբյուջեում. որոշվել է նշված հատկացումներն իրականացնել ընթացիկ տարում պետբյուջե ստացվելիք լրացուցիչ հարկային եկամուտների հաշվին։
«Այս որոշումով մենք տարեկան պետական բյուջեի եկամտային պլանը 20 մլրդ դրամով ավելացնում ենք, – հարցի առնչությամբ ասել է Տիգրան Սարգսյանը։ – Երկրորդ կետով 3.8 մլրդ գումար ենք հատկացնում, որպեսզի նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ կապված ծախսը կարողանանք ամբողջությամբ պետական բյուջեով ծածկել, ընդ որում մի մասը գնալու է տեղական ինքնակառավարման մարմինների օժանդակությանը, որպեսզի նրանք կարողանան նվազագույն աշխատավարձի բարձրացումը փոխհատուցել»։
Իրավաբան.net-ն արդեն տեղեկացրել է, որ նախագահ Սերժ Սարգսյանն ի թիվս այլ օրենքների ստորագրել է նաև «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը:
Իրավաբան.net