Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության ռազմավարական նպատակներից է էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակի ստեղծումը և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովումն ու արդիականացումը։ Այս նպատակի ռազմավարական ուղղություններից մեկն էլ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի արդիականացումն է։
Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային (azdarar.am) կայքը ստեղծվել է 2007 թվականին, որից հետո 2009 թվականին ծրագրում կատարվել են որոշակի փոփոխություններ: Կայքը գործարկվել է 2011 թվականին:
2011 թվականից մինչև 2015 թվականների ընթացքում Կայքում մուտքագրվում էր օրական միջինում 150 հատ հայտարարություն, այժմ օրական մուտքագրվող հայտարարությունների միջին քանակը հասնում է 800-ի, որոշակի օրերի հայտարարությունների թիվը հասնում է մինչև 1200-ի, արդյունքում կտրուկ ավելացել է Կայքի ծանրաբեռնվածությունը, որն էլ հանգեցրել է Կայքի աշխատանքի դանդաղեցման:
Հանդիսանալով հրապարակային ծանուցումների հարթակ՝ օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, հրապարակային ծանուցումը տեղադրվում է Կայքում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կայքի տեխնիկական հնարավորությունները չեն համապատասխանում արդի պահանջներին, անհրաժեշտ է արդիականացնել այն նոր ծրագրային լուծումներով և ապահովել հայտարարությունների և ծանուցումների հրապարակումը մեկ միասնական գործուն մեխանիզմի միջոցով:
Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքը՝ azdarar.am–ը ստեղծվել և գործում է «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքի (այժմ՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենք) պահանջներին համապատասխան: Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, հրապարակային ծանուցումը պետք է տեղադրվի նաև այս կայքում: Այստեղ քաղաքացիները նաև կարող են գրանցվել որպես բաժանորդ և էլեկտրոնային փոստով ստանալ կայքում տեղադրվելիք իրենց հետաքրքրող հայտարարություններն ու ծանուցումները:
Հրապարակային ծանուցում հրապարակող անձը կայքից ներբեռնում է ձևը, լրացնում է այն և էլեկտրոնային կրիչով ներկայացնում ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն:
Էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում հրապարակային ծանուցում հրապարակող անձը լրացնում է պահանջվող տվյալները կայքի Էլեկտրոնային դիմում բաժնում: