Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերը պետք է հայելային ձևով հեռանան սահմանից. Մարիա Կարապետյան

Երևանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի իրավական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստը գլխավորող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն իր խոսքում հայտնեց, որ Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո ընտրել է արտահերթ ընտրությունների միջոցով ներքին քաղաքական ճգնաժամի հաղթահարման ճանապարհը:

Նրա խոսքով՝ իշխող քաղաքական ուժը խոսում է ներքաղաքական կյանքում օրենքի գերակայության, իսկ արտաքին քաղաքականության ոլորտում խաղաղության հաստատման մասին: Վերջին գործընթացում առաջնային է համարվում հաղորդակցության միջոցների վերագործարկումը ոչ միայն ճանապարհների առումով, այլև անվտանգության:

«Մենք գտնում ենք, որ փոխադարձ կախվածությունը կօգնի մեզ ավելի արդյունավետ լուծել հիմնահարցերը»,-հայտարարեց Մարիա Կարապետյանը:

Ըստ ՔՊ պատգամավորի՝ Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերը պետք է հայելային ձևով հեռանան սահմանից, որպեսզի իրականացվի սահմանազատման և սահմանագծման գործընթացը:

Կարապետյանը հայտարարեց, որ Արցախի հիմնահարցը լուծված չէ և հայկական կողմը միջազգային ուժերին ներգրավելու է հիմնահարցի լուծմանը, որպեսզի հասնեն տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության:

Հայաստանի ներկայացուցիչն իր խոսքում բարձրացրեց նաև ռազմագերիների վերադարձի հարցը, ինչպես նաև Արցախում մշակութային ժառանգության պահպանման խնդիրը՝ հայտարարելով, որ միջազգային կազմակերպությունները պետք է հասանելիություն ունենալ տարածշրջան՝ դրանց պահպանությանը հետևելու համար:

Մարիա Կարապետյանն նշեց, որ Հայաստանը կարևորում է նաև Թուրքիայի հետ սահմանի բացումը, որը փակել է հենց Թուրքիան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել