5 տարի հետո մենք շատ լավ առաջընթաց ենք ապահովելու գիտության ոլորտում․ Ալխաս Ղազարյան

«Կանայք՝ օրենսդիրում» շարքի շրջանակներում Իրավաբան.net-ը զրուցել է 8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ալխաս Ղազարյանի հետ։

Պատգամավորը մասնակցել է նաև 2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին, սակայն չի ընտրվել։ Մինչև պատգամավոր դառնալը աշխատել է գիտական ոլորտում։

-Տիկին Ղազարյան, ծնվել եք Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում։ Կարո՞ղ եք նշել, թե ինչպիսի դժվարությունների են հանդիպում երիտասարդները, երբ համայնքից տեղափոխվում են քաղաք։ 

-Դժվարությունները հիմնականում կապված էին ուսման հետ։ Փոքր գյուղ էր ու բուհերից որևէ մեկում մասնագիտություն  ընտրելը այնքան էլ հեշտ չէր։ Կային փոքր թվով մասնագետներ, որոնց մոտ կարող էիր պարապել ու ընդունվել բուհ։ Օրինակ՝ ես երազել եմ բժիշկ դառնալ կամ իրավաբան, բայց հնարավորություն չեմ ունեցել լրացուցիչ պարապել ինչ-որ մի մասնագետի մոտ, որպեսզի կարողանամ իմ երազած մասնագիտությունը ընտրեմ։ Ընտրում էինք նրանից, ինչ ունեինք։

Հնարավորություն ունեի քիմիա պարապելու, քանի որ մայրիկս նշված առարկայի ուսուցիչն էր, ինչպես նաև հայոց լեզու և մաթեմատիկա։ Դա հաշվի առնելով ընդունվեցի Ճարտարագիտական համալսարանի քիմիական ֆակուլտետը։

Լրիվ ուրիշ աշխարհ է, երբ գյուղի դպրոցից միանգամից գալիս ես բուհ։ Դժվարությունները կապված էին թե՛ միջավայրին ընտելանալու, թե՛ որոշ առարկաների հետ, որոնք գյուղում ավելի ցածր մակարդակով էին դասավանդվում։

-2008-ին եք ավարտել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը։ Այդ ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին, բողոքի ակցիաներին մասնակցե՞լ եք։

-Ծնողներս այստեղ չէին, ես 2 եղբայրներիս հետ էի ապրում, անընդհատ զգուշացնում էին, որ զգույշ լինեի։ Մարտի 1-ին կոնկրետ չեմ հիշում, թե որտեղ եմ եղել, հրապարակում չեմ եղել, բայց մասնակցել եմ ցուցներին։

Երիտասարդությունը բավականին անտարբեր էր այդ ժամանակ։ Ընտրությունը հիմնականում ինչպես էր լինում․ ում ուզում էին, ոնց ուզում էին՝ անցկացնում էին։ Ժողովուրդը իրեն անպետք էր զգում, դրա համար էլ համատարած անտարբերություն էր։ Կային մարդիկ, ովքեր պայքարում էին։

-2008-ին փոփոխությունների սպասո՞ւմ էիք։

-Սպասում էինք, բայց անհույս։ Այն հույսն ու հավատը, որը ունեինք 2018-ին, 2008-ին չկար։ Հավատում էինք, որ լավ է լինելու։

-Ավարտելուց հետո, մինչև պատգամավոր ընտրվելը, գիտական գործունեությամբ եք զբաղվել։ 2018-ին նույնպես առաջադրվել էիք, պատգամավորի թեկնածու էիք, սակայն չհայտնվեցիք խորհրդարանում։ Ինչո՞ւ որոշեցիք պատգամավոր ընտրվել, ո՞վ առաջարկեց միանալ ՔՊ-ի թիմին։

-Այդ ժամանակ բուռն գիտական գործունեությամբ էի զբաղված։ Ընտանիքս առաջարկեց՝ ինչու չմասնակցել ընտրություններին, ևս մեկ քայլ, որպեսզի հեղափոխությունը հասնի իր վերջնական արդյունքին։ Հորս ու ինձ մարզում ճանաչում էին, որոշեցի, որ հենց ես առաջադրվեմ։ Ուզում էի ցույց տալ, որ գիտական աշխատողը կարող է թեկնածությունը դնել ու ընտրվել։ Այդպես մտա քաղաքական թիմի մեջ։

-Գիտաշխատող եք եղել մի քանի կազմակերպություններում։ Ձեզ բավարարու՞մ էր ստացած աշխատավարձը։

-Երբ պետական աշխատող էի, շատ քիչ էի ստանում։ Մասնավոր հիմնարկություններում, համեմատած պետական աշխատանքի, աշխատավարձը ավելի բարձր էր։ Մինչև պատգամավոր ընտրվելս աշխատում էի Մ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում, ես ստանում էի մաքուր 68 հազար դրամ աշխատավարձ։ «ԷՆԻ» Էլեկտրոնային նյութերի ինստիտուտում ճարտարագետ աշխատելիս՝ 90 հազար դրամ։ Դրամաշնորհների դեպքում հնարավոր է աշխատավարձը մի քանի ամսով բարձրանար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել