Մենք չունենք խորհրդարան, որը պատկերացում ունի այս ճգնաժամից դուրս գալու մասին․ Քրիստինե Վարդանյան

«Կանայք՝ օրենսդիրում» շարքի շրջանակներում Իրավաբան.net-ը զրուցել է 8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Քրիստինե Վարդանյանի հետ։

Պատգամավորը կուսակցության անդամ է դարձել 2018 թվականին, մինչ այդ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ է եղել։

-Տիկին Վարդանյան, ավարտել եք ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, այժմ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ եք։ Հանձնաժողովը 8-րդ գումարման Ազգային ժողովի ամբողջ ընթացքում 2 նիստ է գումարել ու 2 որոշում ընդունել․ մեկը՝ աշխատակարգի, մյուսը՝ բարեկամական խումբ ստեղծելու մասին։ Թվում էր, թե պատերազմից հետո արտաքին հարաբերությունները պետք է առաջնահերթություն լինեին։ Ինչո՞ւ է հանձնաժողովը պասիվ։

-Ցավոք սրտի, այն ԱԺ-ի ամենապասիվ հանձնաժողովն է։ Երևի այստեղ էլ ինձ խմբագրեմ. չգիտեմ՝ ցավոք սրտի, թե բարեբախտաբար։ Անվտանգային այս ճգնաժամի ժամանակաշրջանում մենք չունենք խորհրդարան, որը պատկերացում ունի այդ ճգնաժամից դուրս գալու մասին։ Չունենք մարդիկ, որոնք կուզենան պատասխանատվություն վերցնել և պրոակտիվություն դրսևորել։ Խոսքը, իհարկե մեծամասնության մասին է։ Ընդդիմությունն ընտրությունների հրապարակված արդյունքների համաձայն՝ չի ստացել այնքան քվե, որպեսզի կարողանա արդյունավետ հսկողություն և կանխարգելիչ քայլեր իրականացնի։ Մեր դերը այստեղ ուրիշ է։

Հանձնաժողովում չեն պատկերացնում, որ իրենք կարող են որևէ կերպ կիրառել վերահսկողական գործիքները, իրենք տրված են կառավարության քմահաճույքին։ Վստահ եմ՝ իրենք էլ են վերջում փաստի առաջ կանգնելու։

Վերջին նիստը մեր նախաձեռնությամբ էր գումարվել, սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ էր։ Ստիպված, դժգոհ դեմքերով եկան փակ նիստի։ Նույնիսկ նիստի 2 անգամ հնչեց, թե մենք այստեղ ենք, 2 ժամ է քննարկում ենք։ Մարդկանց համար խնդիր էր։ Պատկերացնում եք՝ ինչ դժվար բան էին արել։ Եկել էին նիստի ու քննարկում էին Հայաստանի կարևորագույն օրակարգերից մեկը։

Բոլորի համար, կարծում եմ՝ պարզ է, որ ԱԺ-ում չի հանգուցալուծվելու, իրենք էլ դա գիտեն ու «խալաստոյի» վրա գցած գնում են։

-ԱԺ նիստերը դիտելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իշխանության և ընդդիմության պատգամավորները մեծ հակակրանք ունեն միմյանց նկատմամբ։ Ինչպիսի՞ն է իրավիճակը աշխատանքային շփումների ժամանակ։

-«Հակակրանքը» շատ մեղմ բառ է։ Ես որևէ մեկին ատել չեմ կարողանում, չեմ կարողացել այսքան ժամանակ, բայց ես այդ մարդկանց պատասխանատու եմ համարում Հայաստանի ներկա իրավիճակի, հայրենիքի կորստի, հազարավոր մարդկանց զոհվելու, իմ սեփական անվտանգությունն իմ երկրում վտանգի տակ դնելու համար։ Երբ ես նայում եմ այդ մարդկանց, վտանգ եմ զգում իմ, իմ ընտանիքի, իմ սիրելիների, իմ ժողովրդի, իմ տեսակի գոյության համար։ Այդ մարդկանց ես համարում եմ վտանգ, սպառնալիք՝ այս տարածաշրջանում իմ գոյության համար։ Հետևապես իմ քայլերը, իմ անձնական շփումներն արդեն այդպես են պայմանավորված։

-ՀՅԴ անդամ եք դարձել 2018 թվականին, մինչև այդ Երիտասարդական միության անդամ էիք։ Ինչո՞ւ հենց 2018-ին։

-Ինձ պատմությունից շատ հոգեհարազատ էր Դաշնակցությունը, դրա համար եկա Երիտասարդական միություն, բայց այդ պահին ես չէի ուզում կուսակցական լինել։ Ինձ տվել եմ բոլոր հարցերը, որոնցում մեղադրում եմ դաշնակցությանը, ստեղծման օրից մինչև Ցեղասպանություն, առաջին հանրապետություն, սովետական շրջանում մեր գործունեությունը, կուսակցության արգելումը Հայաստանում, քաղաքական կոալիցիաներ։ Բոլոր հարցերը ինձ տվել եմ ու գտել եմ դրանց պատասխանները։

-Ձեր շրջապատում, ընկերների շրջանում կային մարդիկ, որոնք մասնակցել են 2018 թվականի իրադարձություններին։ Ձեր վերաբերմունքը նրանց նկատմամբ ինչպիսի՞ն էր։

-Կային, իհարկե կային, անգամ բավական մտերիմ մարդիկ աջակցություն էին ցույց տվել։ Խոսակցության թեման նույնն էր. ես փորձում էի բացատրել իմ տեսակետը՝ ամենևին չբռնանալով նրանց տեսակետի գոյություն ունենալու իրավունքին։ Ես այնքան կտրված չեմ իմ երկրից, որ մերժեմ այն տեսակետը, թե Հայաստանը բազմաթիվ խնդիրներ ունեցող երկիր է։ Բայց ես դեմ էի, որ մենք մտածում ենք այնպես կարծես կենտրոնական Եվրոպայի երկրներից ենք ու չունենք անվտանգային հարցեր։ Մտածողության էական ու անկյունաքարային տարբերությունը դա էր։

-2018-ը պատմության դասագրքերում 30 տարի հետո ինչպե՞ս է գնահատվելու։

-Նայած, թե ինչ կանենք հիմա, կկարողանա՞նք ունենալ հայկական պետություն, թե ոչ։ Եթե մենք փակենք մեր պետության նոմինալ գոյության էջը, 2018-ը կմնա որպես վերջի սկիզբ։ Եթե մենք կարողանանք հաղթահարենք այս իրավիճակը, 2018-ը գուցե չմնա էլ կամ գուցե մնա, որպես ինչ-որ ժամանակաշրջան։ Տեղի է ունեցել փոփոխություն, եկավ իշխանություն, իշխանությունը պարտվեց, 2 տարի հետո գնաց, եկավ նոր իշխանություն, պետությունը շարունակեց իր գոյությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել