Հայաստանի համար կա նաև ուրիշ ճանապարհ, ոչ հաճելի ինձ համար, բայց` կա. Ռոբերտ Քոչարյան

«Հայաստանի համար կա նաև ուրիշ ճանապարհ, ոչ հաճելի ինձ համար, բայց այդ ճանապարհը կա և այդ ճանապարհը հետևյալն է՝ ընդունել թուրք-ադրբեջանական սպառնալիքը որպես անհաղթահարելի գործոն և ենթարկվել այդ սպառնալիքին: Թուրքիան դադարելու է մեզ դիտել, որպես իրենց ծրագրերի խոչընդոտ միայն մեկ պարագայում, եթե ունենա տոտալ ազդեցություն մեր քաղաքական գործընթացների վրա, մեր քաղաքականության վրա: Սա ենթադրում է, որ Թուրքիան պետք է գերիշխող դիրք ունենա մեր տնտեսության մեջ և պետք է լիարժեք ազդեցություն պետք է ունենա մեր քաղաքական էլիտայի վրա: Ե՞րբ է սա հնարավոր, երբ ռուսական ազդեցությունն այստեղ սկսի դադարել և փոխարինվի թուրքական ազդեցությամբ: Եվ դա հնարավոր է, եթե Հայաստանը հրաժարվի Արցախից ընդհանրապես»,-այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ այդ քաղաքականությունն աջակցություն է ունենալու Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից:

«Իմ ահազանգն է՝ համադրելով բոլոր այն գործընթացները, որոնք այսօր ես տեսնում եմ՝ Հայաստանն անցել է այս երկրորդ տարբերակին, Հայաստանը գնում է այս ճանապարհով: Ռուսաստանին ձեռնտու է ունենալ տարածաշրջանում ուժեղ դաշնակից: Եվ մենք եղել ենք այդ դաշնակից, մինչև պատերազմը: Թուրքիային հետաքրքիր է ունենալ չափազանց թույլ Հայաստան, քանի որ միայն այդ դեպքում Հայաստանը չի կարող խոչընդոտ լինել Թուրքական հեռահար ծրագրերի համար: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մեր ժողովուրդը դեռ պատրաստ չէ այս փոփոխություններին: Պետք է ազնիվ լինել և մեր ժողովրդին ասել՝ կա այս ճանապարհը և կա այն ճանապարհը»,-ասաց նախագահ Քոչարյանը:

Նա հիշեց բրիտանական ասածվածք՝  եթե ուզում ես հավատարիմ ընկեր ունենալ, շուն պահիր:

«Ռուսական շատ հայտնի հումորիստ դա վերաձևակերպել է՝ եթե ուզում ես լավ ընկեր լինել, պարտադիր չի շուն լինես: Խոսքը գնում է մեր պետական ազգային շահերի մասին»,-ասաց 2-րդ նախագահը:

Ըստ նրա՝ շատ ազնիվ ձևով փորձել է ձևակերպել, թե ուր է գնում այս պահին Հայաստանը, ինչ խաչմերուկի վրա է այս պահին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել