Հյուսիս-հարավ նախագիծը մենք վերաձևակերպել ենք ու դարձրել Հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք նախագիծ. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր հայտարարվել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը և այն ռազմավարական մեծ նշանակություն ունի:

Առաջին փուլում հրավիրվելու են այն կազմակերպությունները, որոնք կարող են ու հայտ են ներկայացնում՝ ճանապարհի շինարարությունը իրականացնելու. նախագծի արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է․ «Այս մասշտաբի ներդրումային ծրագիր Հայաստանի անկախության պատմության մեջ չի իրականացվել ու ես ուզում եմ ասել, որ վերջին շրջանի մեր քննարկումների արդյունքում Հյուսիս-հարավ նախագիծը մենք վերաձևակերպել ենք ու դարձրել Հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք նախագիծ ու հույս ունենք, որ մեծ տեմպերով այս նախագիծը կիրականացնենք»։

Նա նշեց, որ ճանապարհի ճյուղերից մեկը կկապի Հայաստանը Իրանին, մյուսը՝ Ադրբեջան-Հայաստան ու հետագայում դեպի Թուրքիա-Նախիջևան-Թուրքիա:

«Մենք հիմա կոնկրետ աշխատանքներ ենք իրականացնում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար, հույս ունենք ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն փաստաթղթի տեսքով ու դե յուրե գործընթացը ամբողջ թափով կծավալվի», – նշեց վարչապետը:

Նա ասաց, որ ճանապարհի նախաորակավորման փուլը տևելու է 70 օր: Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ ասաց, թե Հյուսիս-հարավ ամբողջ ճանապարհը մոտ 560 կիլոմետր է ու այս 60 կիլոմետրն ամենաառանցքային հատվածներից մեկն է:

«Սիսիանից դեպի Քաջարան գործող ճանապարհը միջինում ունի մոտ 50 կմ/ժամ արագություն, իսկ այս ճանապարհի կառուցմամբ կունենանք 100կմ/ժամ արագությամբ ճանապարհ, որը շուրջ երկու ժամով կկրճատի այդ հատվածների միջև հեռավորությունը, լինելու է անվտանգ ճանապարհ, վեց տարի ժամկետ է նշվում ծրագրի իրականացման համար», – ասաց Սանոսյանը:

Նախարարի խոսքով՝ կան 12 կիլոմետրից ավելի թունելային հատվածներ, որոնցից միայն մեկը 8,6 կմ երկարություն կունենա:

«Ամեն ինչ կանենք, որ միջազգային խոշոր ընկերությունները լուրջ հետաքրքրվածություն ունենան ու տարվա վերջ ունենանք շինարար», – ասաց Գնել Սանոսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել