Անի թաղամասում շենքի փլուզման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ ԱԻՆ խոսնակ

Երկրաշարժից ոչ մի փլուզում կամ ավերվածություն չկա, խնդրում ենք հետևեք պաշտոնական լրահոսին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԻՆ խոսնակ Աննա Բաղդասարյանը։

«Անի թաղամասում շենքի փլուզման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-նշել է նա։

Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ-ից հայտնել են, որ ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժը զգացվել է նաև հարևան Վրաստանում, մասնավորապես՝ Թբիլիսիում։

Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,8 մագնիտուդ (ML):

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 22:25-ին։ Զոհերի և ավերածությունների մասին դեռևս չի հաղորդվում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել