«ՀՀ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում ունի հստակ որդեգրած քաղաքականություն: 2006 թվականից սկսած ընդունվեցին կոռուպցիայի դեմ պայքարի առաջին ռազմավարական փաստաթղթերը, որոնք այս ոլորտում կարելի է համարել առաջնային»,- այս մասին «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում Վայոց Ձորի մարզում կազմակերպված «Նոտարական, ՔԿԱԳ մարմինների, ԴԱՀԿ ծառայության և պետական ռեգիստրի գործունեության ոլորտում առկա խնդիրներն ու իրականացվող բարեփոխումները» հակակոռուպցիոն քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը:
Ըստ նրա՝ Կառավարության կողմից ձեռնարկվում են նաև մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են կոռուպցիոն երևույթների վերացմանը. «Այսօր քննարկվող թեմայի հիմնական թիրախը փոքր կոռուպցիան է, որի վերացմանն են ուղղված Արդարադատության նախարության կողմից իրականացվող բարեփոխումների մի շարք ծրագրերը»:
Փոխնախարարը նշեց, որ խոսքը վերաբերում է այն ծառայություններին, որոնք պետության կողմից տրամադրվում են քաղաքացիներին և հենց դրան էլ միտված է Կառավարության քաղաքականությունը. «Մենք նպատակ ունենք վերացնելու բյուրոկրատական քաշքշուքները և կոռուպցիոն դրսևորումները նշված ծառայությունների մատուցման ոլորտում»:
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: