«Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ, ոչ թե դիպուկահարներ են եկել և կրակել վրաս, այլ դատի է տվել»․ Ալեն Սիմոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

«Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք»,- այս մասին հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։

«Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ, ոչ թե դիպուկահարներ են եկել և կրակել վրաս, ոչ թե զինված նախկին դաշնակցականներ են ներխուժել ԱԺ դահլիճ և գնդակահարել ինձ, այլ դիմել է դատարան՝ իր բարի համբավը վերականգնելու համար: Մարդը խաբար չի, որ ոչ մի դատարան չի կարող այն համբավը, որն ինքը ունի՝ փոխել:

Հետո էլ կասեք՝ բան չի փոխվել Հայաստանում:

Ենթադրում եմ՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է հենց այս տեսանյութում արտահայտած մտքերիցս

Զարմանալի է՝ ինչո՞ւ չի դիմել դատարան, երբ ասել եմ, որ ինքը շպիոնի կարգավիճակ ունեցող մեկն է և անգրագետ է: Դրա հետ համաձա՞յն է»,-նշել է նա։

Ռոբերտ Քոչարյանը հայցեր է ներկայացրել դատարան՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Երկու հայցերն էլ մուտքագրվել են հունիսի 13-ին։

Ընդդեմ Փաշինյանի ներկայացված հայցում Քոչարյանը պահանջում է հերքել հունիսի 5-ին Կառավարության նիստում Փաշինյանի կողմից հնչեցված և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակված «Դատարանի որոշմամբ արձանագրված է՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է» տեղեկատվությունը։ Քոչարյանը պահանջում է, որ Փաշինյանը նաև համապատասխան տեքստ հրապարակի։ Հերքումից բացի ՀՀ երկրորդ նախագահը պահանջում է վարչապետից բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում: Հայցը մակագրվել է դատավոր Անի Կարաքեհյանին։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ հայցում առաջարկված տեքստով ու եղանակով։ Քոչարյանը պահանջում է, որ Սիմոնյանը նաև հերքում հրապարակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, նաև պահանջում է նրանից բռնագանձել 6 միլիոն դրամ ՝ զրպարտության, և ևս 3 միլիոն դրամ՝ վիրավորանքի համար՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում: Այս հայցն էլ մակագրվել է Ազատ Դունամալյանին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել