Տղամարդուն արգելվել է մինչև 100 մետր մոտենալ ծնողներին, գնալ իրենց տուն

Ռոմիկ Շ.-ն 2021թ. մայիսի 17-ին ալկոհոլի ազդեցության տակ առանց պատճառի վիճաբանել է իր ծնողների հետ: Նա ավտոմեքենայի մետաղյա բանալիով 1 անգամ հարվածել է հոր կրծքավանդակին, իսկ կոշիկով հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր մասերին:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Ոստիկանության Արմավիրի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի աշխատակիցների կողմից «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հիմքով Ռոմիկ Շ.-ին նկատմամբ 10 օր ժամկետով կայացվել է անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ որոշում՝ արգելելով վերջինիս մոտենալ իր ծնողներին, գալ իր տուն, ինչպես նաև կապ հաստատել նրանց հետ, 100 մետր հեռավորություն պահպանել վերջիններիս փաստացի գտնվելու վայրից, ինչի մասին Ռոմիկ Շ.-ն իրազեկվել է:

Սակայն 2001 թվականի մայիսի 24-ի ժամը 16:00-ի սահմաններում, Ռոմիկ Շ.-ն  դիտավոությամբ չկատարելով նշված որոշման պահանջները գնացել է իրենց տուն, որտեղ ալկոհոլի ազդեցության տակ սկսել է վիճաբանել իր ծնողների հետ, կոտրել է տան գույքը, 1 հատ հակ է դրել տան կենտրոնական հատվածում, ասել, որ կվառի այն, սակայն առանց վառելու հեռացել է այնտեղից:

Ռոմիկ Շ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353.1 հոդվածի հատկանիշներով (անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը):

Դատական գործը մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանին: Գործը վարույթ է ընդունվել 2021 թվականի դեկտեմբերի 8-ին:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել