Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 24-ին, քննարկվում էր Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի և նույն գործով անցնող Արտյոմ Համբարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու փաստաբանների միջնորդությունը:
Դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, Դավիթ Տոնոյանի, Ավետիք Մուրադյանի, Ստեփան Գալստյանի և Դավիթ Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնացել է անփոփոխ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:
Արտյոմ Համբարյանը 5 մլն գրավի դիմաց ազատ կարձակվի:
Պաշտպանը նշեց, որ կարճ ժամկետում Վերաքննիչ դատարանում բողոք կներկայացնեն:
Նշենք, որ Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահմանն առնչվող քրեական գործով: Տոնոյանը կալանավորվել է սեպտեմբերի 30-ին: Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը եւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: