Գալյա Նովենցի, Կարապետ Եղիազարյանի, Վիլեն Գալստյանի, Նադեժդա Դավթյանի, Երվանդ Ղազանչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ կփակցվեն

Երևանի ավագանին նոյեմբերի 30-ի նիստին որոշում կընդունի մի քանի անձի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ փակցնելու համաձայնություն տալու վերաբերյալ։

Նրանք են՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Կարապետ Եղիազարյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ, պարուսույցներ Վիլեն Գալստյանը և Նադեժդա Դավթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը և ՀՀ ժողովրդական արտիստ, դերասանուհի Գալյա Նովենցը։

ՀՀ վաստակավոր նկարիչ Կարապետ Եղիազարյանը ծնվել է 1932 թվականի մարտի 7-ին, Երևանում:
1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1959 թվականին՝ Լենինգրադի Վերա Սուխինայի անվան գեղարվեստի բարձրագույն ուսումնարանը: 1972-1987 թվականներին նախագահել է Հայաստանի նկարիչների միության դեկորատիվ կիրառական արվեստի մասնաճյուղը: 1973-1987 թվականներին եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության և նախագահության անդամ:

1962-1979 թվականներին դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1964-1974 թվականներին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Կարապետ Եղիազարյանը հեղինակ է գեղանկարչական բազմաթիվ կտավների, գոբելենների:
Արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի և ՀՀ վաստակավոր նկարչի կոչումներին:

Կարապետ Եղիազարյանը մահացել է 2006 թվականին:

ՀՀ վաստակավոր նկարիչ Կարապետ Եղիազարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Կ. Ուլնեցու փողոց հ.30ա հասցեում փակցնելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ նախագահ Սուրեն Սաֆարյանի և Կարապետ Եղիազարյանի դուստր Անուշ Եղիազարյանի կողմից:

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը ծնվել է 1941 թվականի փետրվարի 12-ին, Երևանում:

1959 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը: 1959-1961 թվականներին եղել է Թբիլիսիի Զ. Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնի արտիստ, 1961-1972 թվականներին՝ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ, 1972-1975 և 1977-1979 թվականներին՝ բալետային խմբի գեղարվեստական ղեկավար, 1979-1983
թվականներին՝ գլխավոր բալետմայստեր:
1987-1988 թվականներին եղել է Մոնտեվիդեոյի «Տեատրու Սոլիս»-ի գլխավոր բալետմայստերը:
1999 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 1999-2000 թվականներին՝ Սեուլի բալետի համալսարանում: 2004 թվականից եղել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի տնօրենը, 2014 թվականից՝ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերը: Նկարահանվել է ավելի քան 60 կինոնկարներում («Նռան գույնը», «Հայկական որմնանկարներ» և այլն):

Արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի (1967), պրոֆեսորի (2000) կոչումներին: Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով (2001) և «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (2011):

Վիլեն Գալստյանը մահացել է 2021 թվականի հունիսի 4-ին:

ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Դավթյանը ծնվել է 1951 թվականի նոյեմբերի 8-ին, Մոսկվայում:

1968 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը: 1968 թվականից աշխատել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ նախ որպես բալետի արտիստ, 1989 թվականից՝ փորձավար: 1987-1989 թվականներին աշխատել է Մոնտեվիդեոյի պետական բալետում, եղել է մենապարուհի և փորձավար: 1998-1999 թվականներին դասավանդել է Սեուլի արվեստի պետական համալսարանում և ստացել համալսարանի պրոֆեսորի կոչում:

Հանդես է եկել բազմաթիվ բալետային ներկայացումներում: Արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը (1978): Պարգևատրվել է
Երևանի քաղաքապետի (2014) և ՀՀ մշակույթի նախարարության (2016) ոսկե մեդալներով: Նադեժդա Դավթյանը եղել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Վիլեն Գալստյանի կինը: Մահացել է 2019 թվականին:

ԽՍՀ վաստակավոր արտիստներ, պարուսույցներ Վիլեն Գալստյանի և Նադեժդա Դավթյանի հիշատակները հավերժացնող միասնական հուշատախտակը Ա. Թամանյան փողոց հ.3 հասցեում փակցնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանի կողմից:

ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 2-ին, Երևանում:

1949-1952 թվականներին աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես սկսնակ դերասան: 1953-1958 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետի Վարդան Աճեմյանի կուրսում՝ դրամատիկ թատրոնի դերասանի որակավորմամբ: 1958-1962 թվականներին աշխատել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան պետական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր, իսկ 1962-1965 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում՝ ստանալով դրամատիկ թատրոնի ռեժիսորի որակավորում: 1974 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1967-1970 թվականներին աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես ռեժիսոր, 1984-1986 թվականներին՝ որպես տնօրեն և գեղարվեստական խորհրդի նախագահ, 1970-1976 թվականներին՝ Լենինականի պետական թատրոնում որպես գլխավոր ռեժիսոր:

1976-1978 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես գեղարվեստական ղեկավար և տնօրեն: 1980-1984 և 1986-1993 թվականներին՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես գլխավոր ռեժիսոր: 1993 թվականից եղել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, 1993-2002 թվականներին՝ տնօրենը:

1995-2007 թվականներին եղել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը:
Արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի (1974), պրոֆեսորի (1991), ՀՀ ժողովրդական արտիստի (2004), «Երևանի պատվավոր քաղաքացի» (2005), «Գյումրու պատվավոր քաղաքացի» (2015) կոչումներին: Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2012), շքանշանով (2017) և այլն:

Երվանդ Ղազանչյանը մահացել է 2019 թվականին, Երևանում:

ՀՀ ժողովրդական արտիստ, դերասանուհի Գալյա Նովենցը ծնվել է 1937 թվականի հուլիսի 10-ին, Երևանում:

1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1958-1961 թվականներին եղել է Կապանի, 1971-1977 թվականներին՝ Գյումրիի, 1977-1983 թվականներին՝ Երևանի դրամատիկական թատրոնի, 1961-1971 թվականներին և 1983-1993 թվականներին՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, 1993 թվականից՝ Համազգային թատրոնների դերասանուհի:

2007 թվականին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Խաղացել է մոտ 25 ֆիլմերում («Մենք ենք, մեր սարերը», «Կտոր մը երկինք», «Նահապետ», «Հին օրերի երգը», «Կարոտ», «Ճերմակ անուրջներ», «Գիքոր» և այլն): Գալյա Նովենցը եղել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի կինը:

Մահացել է 2012 թվականին:

ՀՀ ժողովրդական արտիստներ Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի հիշատակները հավերժացնող միասնական հուշատախտակը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի (Վ. Սարգսյան փողոց հ.7) ճակատային մասում փակցնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել «Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենԿ . Շահբազյանի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել