Կրակոցը պրծել է ժամը վեցի սահմաններում․ Աղիտուի գյուղապետ

«Այս պահին գյուղում հանգիստ վիճակ է։ Կրակոցը պրծել է ժամը վեցի սահմաններում»,- այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Աղիտու գյուղի գյուղապետ Ավետիս Ավետիսյանը։

Նա նշեց, որ կրակոցի ձայներ գյուղում սկսել են լսվել 13։00-ից հետո։ Իսկ բնակիչները անհանգիստ են եղել, բայց խուճապ չի եղել նրանց շրջանում։ Գյուղին ոչ մի վնաս չի պատճառվել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։

Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտարարություն տարածեց, որում ասվում էր․

«Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի կենդանի ուժի մեծաթիվ կորուստ, մի քանի միավոր զինտեխնիկա ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։

Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։ Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է։

Եվս 12 զինծառայող գերեվարվել է։ Նոր տեղեկությունների դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել