Իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող գործակալությունում (այսուհետ՝ Գործակալություն) պետական գրանցման և պետական հաշվառման գործընթացներն ամբողջությամբ էլեկտրոնային են:
Գործակալության կողմից իրականացվող գործառույթների հետ կապված փաստաթղթերը, ներառյալ` գրանցամատյանից տրամադրվող քաղվածքները, պետական գրանցման և պետական հաշվառման մերժման մասին որոշումները և այլ փաստաթղթեր կազմվում են էլեկտրոնային փաստաթղթերի ձևով:
Էլեկտրոնային փաստաթղթերը ուղարկվում են դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հասանելի են դառնում համացանցում՝ համապատասխան ծածկագիրը տեղեկատվական համակարգ մուտքագրելու պայմանով:
Դիմողի պահանջով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով, իսկ ստորև սահմանված դեպքերում՝ առանց վճարման անձին տրվում է էլեկտրոնային փաստաթղթի արտատպումը (պատճենը): Այս դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:
Դիմողի` իրավաբանական անձի լիազորված անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի պահանջով պետական գրանցման և պետական հաշվառման յուրաքանչյուր դեպքի համար, ինչպես նաև տարեկան մեկ անգամ էլեկտրոնային փաստաթղթերի և գրանցամատյանից քաղվածքի թղթային կրիչի վրա հաստատված պատճենը տրամադրվում է անվճար: