Պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում․ ոստիկանություն

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հոկտեմբերի 1-ի գիշերը ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նախքան մեկնարկը ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը շարային ստուգատես իրականացրեց։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Կամո Ցուցուլյանը անձնակազմին ներկայացրեց ուժեղացված ծառայության նպատակները՝ հանցագործությունների և հասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած ոտնձգության կանխում և բացահայտում, ինչպես և հսկողություն ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ։ Ոստիկանության պետի տեղակալը պարեկներից պահանջեց քաղաքացիների հետ շփումներում լինել կոռեկտ, միևնույն ժամանակ` խիստ, գործել բացառապես օրենքի տառին համապատասխան ու իրավաչափ։

Հրահանգավորումից հետո պարեկներն անցան ուժեղացված ծառայության, որի ընթացքում հայտնաբերեցին ճանապարհային երթևեկության կանոնների 55 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 23 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող` 14, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 21 անձ։ 3 տրանսպորտային միջոց շահագործվել է առանց հաշվառման համարանիշերի, 1-ը՝ հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ի համարանիշերն էլ եղել են փակված։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 7, գերձայնային ազդանշաններով՝ 1 տրանսպորտային միջոց։

Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները, հանցագործություն կատարելու կասկածանքով, ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման ենթարկցին 2 անձի։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել