Իմ նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման որոշման մեջ ուժը կորցրած օրենք է վկայակոչված․ դատավոր Սերգեյ Մարաբյան

Սեպտեմբերի 30-ին, ԲԴԽ-ում կայացավ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Նախորդ նիստի ընթացքում դատավորը հայտնել էր, որ կարգապահական վարույթի հարուցումը ապօրինի է եղել և միջնորդություն էր ներկայացրել այն կարճելու։ Նա նշում է, որ հարուցման որոշմամբ՝ Արդարադատության նախարարը, ըստ էության, բեկանել է իր դատական ակտը․ «Որոշման մեջ, բացի նախարարի սեփական գնահատականներից, չկա որևէ պայման, որևէ հիմք»։

Հիշեցնենք, որ դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալներից մեկի՝ Ժիրիկ Սիրեկանյանի խափանման միջոցը փոխելու համար։ Մասնավորապես, ինչպես արդեն տեղեկացրել էինք, առաջին ատյանի դատարանը, քննելով Սիրեկանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը, որոշել է բավարարել այն, ինչը պաշտպանության կողմը վիճարկել է։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, բավարարել էր փաստաբանի բողոքը՝ բեկանելով Սիրեկանյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչի դեմ էլ վճռաբեկ բողոք էր ներկայացրել արդեն դատախազությունը, որի արդյունքում այն բեկանվել էր։

Հարցուպատասխանը շարունակվեց այս նիստի ընթացքում։

Մարաբյանը նաև նշեց, որ իր նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման որոշման մեջ ուժը կորցրած օրենք է վկայակոչված և դրա հիմքով նրան վերագրվում է դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում։

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ միջնորդությունը պնդում են և այդ հարցին կանդրադառնան եզրափակիչ ելույթի ժամանակ։

Մարաբյանը նաև նշեց, որ որոշման մեջ հղում է տրվում Բարձրագույն դատական խորհրդի մի որոշման, որը իր դատական ակտը կայացնելու պահին գոյություն չի ունեցել․ «Հետադարձ ուժ եք տալիս ԲԴԽ որոշմանը»։

Գրիգորյանը իր հերթին հայտարարեց, որ ԲԴԽ նորմաստեղծ գործունեություն չի իրականացնում, այլ առկա դրույթների իրավական իմաստն է վեր հանում։ Հետևաբար, իրենց պատկերացմամբ, ԲԴԽ որոշումներով իրավական նոր իրողություն, նորմեր չեն ստեղծվում, որ դրանց հետադարձ ուժի խնդիր առաջանա․ «Մենք ենթադրում ենք, որ այն մեկնաբանությունները որոնք տրվել են, դրանք ի սկզբանե իմաստային, բովանդակային առումով առկա են նորմերում։ Վկայակոչել ենք, որ ոչ միայն մեջ մեկնաբանությունն է դա, այլն նաև ԲԴԽ-ի կողմից թեկուզ հաջորդիվ Ձեր ակտին տրված մեկնաբանությունից է դա բխում։ Ի վերջո, Ձեր կագապահական խախտման ելակետը օրենքն է, ոչ թե ԲԴԽ որոշումը։ Կարող ենք, օրինակ՝ գիտական հոդված վկայակոչել, որը գրվել է Ձեր ակտից հետո»։

Մարաբյանը նշեց նաև, Ժիրիկ Սիրեկանյանը ապօրինի կալանավորվել է 2 ամսով, իսկ հետո ազատ արձակվել․ «Քննիչը հաստատել է էն, ինչը որ ես եմ հաստատել։ Ուղղակի դրա համար անհրաժեշտ էր անձին 2 ամիս ապօրինի ազատությունից զրկել, որից հետո ասել մի բան, որը ես արդեն ասել էի։ Հիմա չի խոսո՞ւմ այն մասին, որ ես եղել եմ օրենքի սահմաններում, կայացրել եմ արդարադատության շահից ելնող դատական ակտ և իմ կողմից որևէ խախտում թույլ չի տրվել։ Դա հաստատել է նաև նախաքննական մարմինը»։

Մարաբյանը միջնորդեց գործի վարույթը կարճել՝ նոր հանգամանք ի հայտ գալու հիմքով։

ԲԴԽ-ն որոշեց նիստը հետաձգել, նիստի օրվա և ժամի մասին կտրվի հավելյալ տեղեկություն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել