«Դավինչի» տուրիստական գործակալության հանցավոր գործունեությունից տուժել են նաև արտասահմանյան միջնորդ տուրիստական կազմակերպություններ. փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Դավինչի» տուրիստական գործակալության՝ ի սկզբանե պլանավորված հանցավոր գործունեությունից տուժել են նաև արտասահմանյան միջնորդ տուրիստական կազմակերպություններ և տրանսպորտային փոխադրում իրականացնող ընկերություններ։

Նա նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրության Դուբայ քաղաքից ստացել է բազմաթիվ հեռախոսազանգեր, ովքեր ցանկություն ունեն քրեական վարույթի ընթացքում փաստաբանների միջոցով ներկայացնել իրենց շահերը։

«Կարծում եմ, որ ցանկն այսքանով չի սահմանափակվում, ինչով ցավոք փոխհատուցման հեռանկարներն են նվազում»,-գրել է փաստաբանը։

Պատասխանելով ֆեյսբուքյան օգտատիրոջ մեկնաբանությանը՝ Ռաֆի Ասլանյանը նշել է, որ այսպիսի խոշորամասշտաբ հափշտակություն որևէ տուրիստական կազմակերպության կողմից ՀՀ-ում դեռևս չի կատարվել։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2021թ. օգոստոսի 12-ին մի խումբ քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության հաշվեհամարին գումարներ են փոխանցել՝ հանգիստը Եգիպտոսում կազմակերպելու համար, սակայն գործակալությունը չի կատարել որևէ ամրագրում՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Փաստերի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որոնք նախաքննություն կատարելու համար ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Որոշում է կայացվել՝ հիշյալ քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու մասին:Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու համար:

Տուրիստական գործակալության գործողություններից հնարավոր այլ տուժածների, ինչպես նաև՝ գործակալության տնօրենին հայտնաբերելու ուղղությամբ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելի ուշ ՔԿ-ն հայտնեց, որ «Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել