Փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի լրագրողներ,
հաշվի առնելով հետաքրքրությունը Ռոբերտ Սուքիասյանին առնչվող քրեական գործի նկատմամբ, հաստատում եմ, որ Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել է և ես հանդիսանում եմ նրա պաշտպանը:
Հիմնավոր փաստարկներով պնդում եմ, որ ձերբակալումն իրավաչափ չէ, և իմ կողմից արդեն բողոք է ներկայացվել դատարան»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում կրակոցներ են հնչել: Նույն օրը հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի՝ ծնված 1979թ.։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխված անձը հրազենային մարմնական վնասվածքն ստացել է Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։
Նախնական տվյալներով՝ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ժամը 19:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում՝ մայթեզրին, վիճաբանել են իրար հետ, հարվածներ հասցրել միմյանց, որի ժամանակ ներկաներից մեկը ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել:
Դեպքը կապում են Սուքիասյանների ընտանիքի հետ։