Կարո՞ղ է ծամոնը դրական նշանակություն ունենալ

Մեր օրերում ծամոն սիրում են ծամել ոչ միայն երեխաները, այլև մեծահասակները:

Ինչպես ցանկացած դեպքում, բարեկիրթ մարդը ծամոն ծամելիս, միշտ պետք է աշխատի տհաճություն չպատճառել շրջապատին: Ծամոն ծամելիս բերանը պետք է փակ լինի: Անքաղաքավարի է բերանը բացելով կամ չափազանց արագ ծամելը, ծամոնը բերանում այս ու այն կողմ տանելը կամ, որ չափազանց տհաճ է, ծամոնով «փուչիկ» անելն ու պայթեցնելը:
Բերանից հանած ծամոնը երբեք չի կարելի կրկին ծամել: Դա ոչ միայն տհաճ է, այլև հակահիգիենիկ:

Երեխաներին պետք է արգելել ձեռքերով խաղալ ծամոնի հետ և այն կրկին ծամել: Ծամոնը բերանից հանելուց հետո պետք է թղթի կտորով փաթաթել կամ առանց փաթաթելու նետել աղբարկղը:

Անքաղաքավարի է ծամոնը սուրճի ամանի, մոխրամանի մեջ թողնելը, նստարանների վրա կպցնելը կամ հատակին շպրտելը: Չէ՞ որ այն կարող է կպչել որևէ մեկի զգեստին: Բոլորս գիտենք, թե որքան դժվար է ծամոնը կտորի վրայից կամ կոշիկի ներբանից պոկելը:

Ավելացնենք, որ ցանկալի է հասարակական վայրերում, ուրիշների ներկայությամբ ծամոն չծամել (ծամել միայն խիստ անհրաժեշության դեպքում, այն էլ՝ աննկատ): Իսկ որոշ իրավիճակներում, ինչպես, օրինակ, դասի կամ դասախոսության ժամանակ, տարեց մարդու կամ ղեկավարի ներկայությամբ, և, առհասարակ, հաղորդակցվելիս ծամոն ծամելն ուղղակի անկրթություն է:

Իհարկե, անիմաստ է ժխտել ծամոնի դրական նշանակությունը: Ուտելուց հետո 10-15 րոպե ծամոն ծամելը օգտակար է թե՛ ատամների, թե՛ ստամոքսի համար: Ծամոնը դրական ներգործություն է ունենում նաև սրտխառնոցի և ստամոքսի այրոցների դեպքում: Սակայն այն երբեք չպետք է չարաշահել: Անընդմեջ ծամոն ծամելը ոչ միայն տգեղ է, այլև վնասակար առողջության համար, քանի որ դժվարացնում է մարսողությունը և կարող է հանգեցնել ստամոքսի հիվանդությունների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել