Ես վստահ եմ, որ Բարձր դատարանը կընտրի երկրորդ ճանապարհը․ Դավիթ Հարությունյան

Այսօր՝ հուլիսի 11-ին, հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննության ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ իրենց դիմումը կներկայացնի 9 թեզերով։

1․ Ֆիզիկական ուժի կամ վարչական ներգործության կիրառման սպառնալիքը, հոգեբանական ահաբեկումն ու նվաստացումը կոպտորեն ոտնահարում են ազատ ընտրության սկզբունքի էությունը,

2․ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի առաջին համարը, լինելով միաժամանակ իշխանության ներկայացուցիչ, խախտել է ընտրության ազատության սկզբունքը,

3․ ՄԻՊ հայտարարություններում արձանագրված փաստերը, որոնք հաստատում են ընտրությունների ընթացքում մարդու իրավունքների խախտման փաստը,

4․ Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ Փաշինյանի խոսքը պարունակել է սպառնալիքներ և որ այդ սպառնալիքները շարունակական բնույթ են կրել,

5․ Փաշինյանի հնչեցրած կոչերը ոչ միայն ընկալվել են իբրև իրական, այլ փաստացի իրական բնույթ են կրել (քրեական հետապնդումներ, հրաժարականներ, կադրային ջարդ),

6․ Իրավապահ համակարգի գործողություններն ու անգործությունը լրացուցիչ վնաս են հասցրել ազատ ընտրության իրավունքին,

7․ Ազատ ընտրության իրավունքի խախտումները կրել են այնպիսի բնույթ, որ ակնհայտերն առկա են ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքեր,

8․ Հանրային հեռուստատեսությամբ լուսաբանման խտրական պայմանները խախտել են հավասար ընտրության սկզբունքը,

9․ Փաշինյանն ապօրինաբար է զբաղեցրել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը:

Ամփոփելով իր խոսքը՝ Դավիթ Հարությունյանն ասաց․

«Հարգելի Բարձր դատարան, խնդրում ենք անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 184 Ա որոշումը և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Մենք իրականում կանգնած ենք ճամփաբաժանի առջև։ Ճանապարհներից մեկը խախտումների լեգիտիմացումն է, ինչը անդառնալի վնաս կհասցնի ՀՀ ժողովրդավարական ճակատագրին։ Ես վստահ եմ, որ Բարձր դատարանը կընտրի երկրորդ ճանապարհը»։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել