Մատակարարված ձկան կերի համար գնորդը 14 000 000 ՀՀ դրամը չէր վճարել

«ՎԻԿՏՈՐԻԱ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «ԱԿՎԱՏԵԽԱՎՏՈՄԱՏԻԿԱ» ՓԲԸ-ի`11.06.2012թ. կնքված մատակարարման պայմանագրով գոյացած պարտքի և վճարումն ուշացնելու համար պայմանագրով նախատեսված տուգանքի բռնագանձման պահանջի մասին:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, Հայցվորը, դիմելով դատարան հայտնել է այն մասին, որ համաձայն «Վիկտորիա Կոնցեռն» ՍՊԸ-ի և «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ի միջև 11.06.2012թ. կնքված մատակարարման պայմանագրի 1.1. կետի` վաճառողը պարտավորվել է Գնորդին մատակարարել Ձկան կեր ընդամենը` 23.333,33 կգ քանակով, 1 կգ 600 ՀՀ դրամ գնով` ներառյալ ԱԱՀ, ընդամենը 14.000.000 ՀՀ դրամով, իսկ Գնորդը պարտավորվել է գնել այն և վճարել դրա դիմաց։ Պայմանագրի 3.1 կետով սահմանվել է, որ Գնորդի կողմից ապրանքի դիմաց վճարումն ընդամենը 14.000.000 ՀՀ դրամը իրականացվում է ապրանքի ստացումից հետո 45 օրացուցային օրվա ընթացքում` բանկային փոխանցմամբ։ Պայամանագրի 5.1 կետի համաձայն` մատակարարված ապրանքի վճարման ուշացման դեպքում Գնորդը կետանցի յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք` ժամանակին չվճարված գումարի 0.15 տոկոսի չափով։

Հայցվորն իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները կատարել է բարեխղճորեն և ամբողջությամբ /հիմք` 11.06.2012թ. ապրանքների մատակարարման հարկային հաշիվ թիվ Ա6350910235/ պատասխանողին է հանձնել պայմանագրով նախատեսված ձկան կերը։ Պատասխանողը չի կատարել պայմանագրի 3.1 կետով նախատեսված պահանջը։ Պատասխանողի պարտքը 27.07.2012թ. դրությամբ կազմում է 14.000.000 ՀՀ դրամ։ Ելնելով վերոգրյալից` հայցվորը խնդրել է պատասխանողից բռնագանձել 14.000.000 ՀՀ դրամը` սկսած կետանցի օրվանից` 27.07.2012թ. մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ 14.000.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ հաշվեգրել և բռնագանձել մատակարարման պայմանագրի 5.1. կետով սահմանված օրական 0.15 տոկոսի չափով տուգանքի գումար, ինչպես նաև բռնագանձել նախապես վճարած 20.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը։

Պատասխանողը հայտնել է, որ հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց, որը կհավաստեր, որ ապրանքը հանձնվել է պատասխանողին, այսինքն այն փաստացի չի հանձնվել։ Օրենքի նորմի վերլուծությունից երևում է, որ ապրանքի տեղափոխման պարտականությունը պայմանագրով նախատեսված չլինելու դեպքում կրում է մատակարարը, այսինքն եթե ապրանքը մատակարարված լիներ, ապա հայցի հիմքում կդրվեր բեռնման ուղեգիրը, այլ ոչ թե հարկային հաշիվը։

Դատաքննությամբ հաստատվել է, որ հայցվոր ընկերության կողմից կատարվել են մատակարարման պայմանագրի պահանջը և մատակարարվել է ձկան կերը, որի հիման վրա 11.06.2012թ. հայցվոր և պատասխանող ընկերությունների միջև կազմվել, ստորագրվել և կնիքվել է թիվ Ա6350910235 հարկային հաշիվը։ Վերը նշված պարտավորության կատարման մասին համապատասխան գրանցում է կատարվել նաև հայցվոր ընկերության կողմից վարվող «Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման /հաշվառման/ գրքի» 2 էջի 40 կետի տակ, ըստ որի կատարվել է 11.06.2012թ. կնքված թիվ Ա6350910235 հարկային հաշվի պահանջը և պատասխանողին է հանձնվել 14.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ապրանք։

Դատաքննության ընթացքում հայցվոր ընկերության կողմից դատարանին ներկայացված «Վիկտորիա Կոնցեռն» ՍՊԸ-ի և «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ի միջև 11.06.2012թ. կնքված մատակարարման պայմանագրի և կողմերի ստորագրված և հաստատված թիվ Ա6350910235 հարկային հաշվի բնօրինակներ, որից պարզ դարձավ, որ նշված փաստաթղթում առկա են ինչպես ընկերությունների ներկայացուցիչների ստորագրությունները, այնպես էլ կնիքները։

Ուստի դատարանը վճռեց հայցը բավարարել ամբողջությամբ:

Ներկայումս սույն գործով պատասխանողը բերել է վերաքննիչ բողոք:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել