Մշակույթի նախարարությունը քաղաքապետարանից պահանջում է դադարեցնել Փակ շուկայում ապօրինի շինաշխատանքները

Ստորև ներկայացվում է տեղեկույթը, որն այսօր տարածել է Մշակույթի նախարարությունը:

Տեղեկույթ. «Երևանի թիվ 1 շուկա»ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող, Մաշտոցի պողոտայի N 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի շենքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Մաշտոցի պողոտայի հ. 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի հարակից շենքերի բնակիչների և լրագրողների ահազանգերի կապակցությամբ՝ ՀՀ մշակույթի նախարարի հանձնարարականով նախարարության աշխատակիցները կատարել են շուկայի տարածքի տեղազննում՝ լուսանկարել, փաստագրել են շենքի հետնամասում վերսկսված շինարարական աշխատանքները: Իրավիճակին անձամբ ծանոթանալու նպատակով՝ 2013 թ. մայիսի 9-ին ՀՀ մշակույթի նախարարն անձամբ է այցելել շուկայի տարածք:

Տեղեկացնում ենք, որ մինչև մայիսյան տոների նախօրեն Երևանի քաղաքապետարանի կողմից շինարարական աշխատանքները դադարեցված էին, և շենքի 0,00 նիշից բարձր որևէ աշխատանք չի իրականացվել:

Շինարարական աշխատանքների կրկնակի դադարեցումը կատարվել է ՀՀ մշակույթի նախարարության պահանջով՝ ս. թ. մարտի 6-ի գիտամեթոդական խորհրդի մասնագիտական եզրակացության հիման վրա: Ըստ որի, անհրաժեշտ էր իրականացնել Կենտրոնական ծածկած շուկայի հետնամասի պահպանված պատերի վերականգնման, ուժեղացման, ամրակայման, ինչպես նաև նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածի ապամոնտաժման աշխատանքները՝ նախագծով ներկայացված և խորհրդի կողմից որոշված ընդունելի ծավալով:

Վերոնշյալ աշխատանքների ավարտից հետո սեփականատիրոջից պահանջվում էր մշակել շուկայի կորցրած կամարների վերականգնման նախագիծը և այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարության համաձայնեցմանը:

Ներկայումս, վերսկսված շինարարական աշխատանքների կապակցությամբ /որոնք չեն համապատասխանում մեր կողմից տրված նախագծային փաստաթղթերի պահանջներին, և որոնցով նախատեսվում էին նորակառույցի երկաթբետոնյա հատվածի մասնակի քանդման աշխատանքներ/ ՀՀ մշակույթի նախարարությունը կրկին անգամ 2013 թ. մայիսի 13-ի 01/14-1/1534-13 գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան՝ պահանջելով ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` հուշարձան-շենքում իրականցվող ապօրինի շինարարական աշխատանքները կանխելու, դադարեցնելու և տարածքում հսկողություն սահմանելու համար:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել