«Գերիների հարցը որևէ կերպ չպետք է քաղաքականացվի»․ Արման Թաթոյան

Մայիսի 27-ին տեղի ունեցավ Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստանի (Սորոսի հիմնադրամ) կողմից հիմնադրված «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի կողմից կազմակերպված «Անհետ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության հնարավորությունները և խնդիրները» թեմայով քննարկումը, որին մասնակցում էին Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստանի տնօրենի տեղակալ Դավիթ Ամիրյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և այլ անձիք։

ՄԻՊ Արման Թաթոյանը նշեց, որ գերիների հարցը որևէ կերպ չպետք է քաղաքականացվի, դա միջազգային բացարձակ սկզբունք է։ Թաթոյանի խոսքով՝ չպետք է խոչընդոտներ լինեն գերիների փոխանակման հետ կապված հարցերում։

Նա նաև նշեց, որ Հայաստանի իշխանությունները կավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա՝ բացահայտելով գերիների թիվը։ «Ես կարծում եմ` իշխանությունները ճիշտ չեն անում, որ չեն հրապարակում գերիների թիվը։ Թիվ նշելով` կարելի է բարձրացնել պատասխանատվությունը մարդկանց կյանքի իրավունքի պահպանման շուրջ, ինչպես նաև ավելացնել ճնշումն Ադրբեջանի վրա։ Մենք պետք է ոչ թե Ադրբեջանի տվյալներով առաջնորդվենք, այլ մեր»,- նշեց Թաթոյանը՝ հավելելով, որ կարելի է նշել գերիների ոչ թե կոնկրետ, այլ գոնե նվազագույն թիվը։

Արման Թաթոյանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»:

Պաշտպանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:

Լուսանկարում ձախից աջ՝ Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստանի տնօրենի տեղակալ Դավիթ Ամիրյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել