Կառավարության որոշմամբ Սյունիքում 3 հատված անհատույց օգտագործման իրավունքով հատկացվեց ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը

Կառավարությունը մայիսի 27-ին որոշում է ընդունել՝ որպես նվիրատվություն գույք ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին։

Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Տեղ համայնքները մի քանի հողամասեր նվիրաբերել են Հայաստանի Հանրապետությանը։ ՀՀ-ն էլ իր հերթին՝ ի դեմս կառավարության, դրանցից 3-ը անհատույց օգտագործման իրավունքով հատկացրել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության Հայաստանի Հանրապետությունում տեղակայված սահմանապահ վարչությանը:

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայն N 1 հավելվածի ընդունել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Տեղ համայնքների սեփականությունը հանդիսացող հողամասերի (այսուհետ՝ գույքեր)՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությունը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, սույն որոշման N 2 հավելվածի գույքերն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության Հայաստանի Հանրապետությունում տեղակայված սահմանապահ վարչությանը:

3. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի` օրենքով սահմանված կարգով նվիրատվության պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին.

2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի կատարումն ապահովելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված գույքերի՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության Հայաստանի Հանրապետությունում տեղակայված սահմանապահ վարչության հետ օրենքով սահմանված կարգով անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել