«Այս ամենն անատամ հայտարարությունների հետևանք է»․ Իզաբելլա Աբգարյանը երևանցիների անունից աջակցություն հայտնեց սահմանամերձ համայնքներին

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն այսօրվա՝ մայիսի 25-ի նիստին, խնդրեց նախքան օրակարգին անցնելը ելույթ ունենալ՝ խոսելով սահմանային իրավիճակի մասին։

«Մենք ունենք այսօր մեկ այլ, ավելի շատ մտահոգություն, քան մեր քաղաքի խնդիրներն են․ դա իրավիճակն է Հայաստանի սահմանների մոտ, այն սադրանքը, որն Ադրբեջանն իրականացրել է Հայաստանի Հանրապետության հանդեպ և Երևանը, որպես մայրաքաղաք, չի կարող իր միաբանությունը, իր սատարումը չհայտնել Սյունիքում, Վարդենիսում, այլ տարածքներում ապրող մեր հայրենակիցներին, որոնք այսօր ահաբեկված են, զրկված՝ իրենց բնկանոն կյանքով ապրելու իրավունքից, ում երեխաների իրավունքը ոտնահարված է և այդ երեխաները ստիպված են տեսնել զինված օտար զինվոր։

Ես հասկանում եմ, որ միջազգային հանրությունը չի կարողանում արդեն երկրորդ շաբաթն է հանգուցալուծել այս իրավիճակը՝ խաղաղ ճանապարհով, ինչն, իհարկե, մեծ ցավ է։ Այս ամենը հետևանք է լռության կամ անատամ հայտարարությունների, որոնք մենք լսում էինք, երբ 44 օր շարունակ Ադրբեջանը խախտում էր մարդու իրավունքի բոլոր հռչակագրերը, պատերազմին վերաբերող բոլոր կոնվենցիաները, և անպատիժ էր ու փաստացի անպատիժ է մնացել, չի ենթարկվել որևէ լուրջ պատժամիջոցների։ Մենք ունենք ծանր, պայթյունավտանգ իրավիճակ և մեր հակառակորդի գործողությունների հետևանքով կարող է նոր, է՛լ ավելի ծավալուն, է՛լ ավելի մեծ թվով մասնակիցների մասնակցությամբ պատերազմ բռնկվել մեր տարածաշրջանում։ Այսօր Ադրբեջանն իր այդ քայլով ոչ միայն սպառնում է Հայաստանին, այլ՝ ողջ տարածաշրջաննի խաղաղությանն ու կայունությանը»,-իր ելույթում նշեց Աբգարյանը։

Նա, որպես Երևանի ավագանու անդամ, որպես մայրաքաղաքի բնակիչ, սահմանամերձ շրջանի բնակիչներին ևս մեկ անգամ նշեց, որ մենք իրենց հետ ենք․ «Չկասկածեք, Երևանը չի կարող ապրել բնականոն կյանքով, եթե ձեր կյանքը դույզն ինչ վտանգված է։ Մենք այսօր ձեզ հետ ենք հոգեպես, եթե պետք լինի՝ ձեր կողքին ենք լինելու նաև ֆիզիկապես»,-ասաց Իզաբելլա Աբգարյանը։

Ելույթը ողջունեց նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ միանում է նրա խոսքերին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել