«Դաշինք կազմող մեր երկու քաղաքական ուժերին միավորում են իրավիճակի սթափ գնահատման արդյունքում Հայաստանի ներքին և արտաքին վտանգների, առկա մարտահրավերների, դրանց հաղթահարման ուղիների և ապագայի վերաբերյալ նույնանման մոտեցումներն ու ընդհանուր մտահոգությունները, ինչպես նաև ազգային արժեքների պաշտպանության դիրքերում ամուր և աննահանջ լինելու վճռականությունը»,-այս մասին ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն ասաց այսօր՝ մայիսի 15-ին, «Պատիվ ունեմ» դաշինքը կազմավորելու մասին հուշագրի ստորագրման արարողության ժամանակ:
ՀՀ 3-րդ նախագահը վստահություն հայտնեց, որ «Հայրենիք» կուսակցությունը առաջնորդի՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ հանրապետականների հետ կդառնա ամուր և ժամանակակից պետություն կառուցելու ջատագովն ու առաջամարտիկը:
«Այսօր մեր ժողովրդի մի զգալի հատվածը Արցախում և Հայաստանում ամեն օր արթնանում է անորոշության, վերահաս վտանգի վախերի, ապագայի նկատմամբ թերահավատության, հուսահատության ու ապատիայի, իսկ մի մասն էլ՝ իրականության ընկալումը ամբողջովին կորցրած, անտարբերության զգացողությամբ կամ պարտված ժողովրդի թերարժեքության բարդույթով»,-նշեց նա:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ կառավարման 3 տարում ապաշնորհ իշխանություները հանգեցրին այս տրամադրությանը և հոգեվիճակին, որից մարդկանց դուրս բերելը հսկայական ջանքեր է պահանջելու:
«Այստեղ պահանջվելու է բոլոր առողջ քաղաքական ուժերի համախմբումը, որոնք այս ընթացքում կողք կողքի պետք է պայքարեն չարի իշխանության դեմ: Մենք ժամանակին մեր ժողովրդին հաղթանակ ենք բերել, և հայրենիքում ու աշխարհի որևէ ծայրում հայը քայլել է գլուխը բարձր, որպես հաղթանակած ժողովրդի զավակ, մենք այդ հպարտությունը վերադարձնելու ենք»,-նշեց ՀՀ 3-րդ նախագահը: