Պատերազմը ձեզ թվում է ավարտվե՞ց, հրադադար է. Անդրանիկ Քոչարյան

«Մենք ի՞նչ ենք անում, մենք մեր երկրի դե՞մ ենք գործում, ես չեմ հասկանում»,- սահմանային իրավիճակի վերաբերյալ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ այսօր լուրջ բան է տեղի ունեցել և Ազգային անվտանգության ծառայությունն այս խնդրին պետք է մատների արանքով չնայի:

«Այստեղ Ռուսաստանն էլ մտածելու բան ունի, այստեղ միայն Հայաստանի խնդիրը չէ: Վերջին հաշվով հրադադարի հետ կապված Ռուսաստանը ծանրակշիռ պարտավորություն է վերցրել իր վրա և դրա համար եմ վստահ ասում, որ այս խնդիրը բախման հեռանկար չունի, եթե մենք արհեստականորեն չներքաշվենք բախման տրամաբանության մեջ: Զանգեզուրը պետք է պահել պաշտպանված և ստերիլ վիճակում»,-ասաց պատգամավորը:

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ պետք է թողնել՝ բանակը զբաղվի իր խնդիրներով:

«Կա պրոբլեմ, բայց զոհեր չկան, վիրավորներ չկան, կրակոցներ չկան, չեն էլ եղել: Հարց է առաջանում՝ այդ կրակոցների մասին Վահե Հակոբյանը որտե՞ղ է լսել, իր ականջով է լսել, թե՞ իր ուղղաթիռով պտտվում էր կրակոցների տարածքում»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ այս տեղեկատվությունը պլանավորած պրովոկացիա է:

«Լինելու են էլի այսպիսի դեպքեր, մի տեղ մենք ենք առաջ գնալու, նրանք են շուխուռ անելու, մի տեղ իրենք են գալու: Պատերազմը ձեզ թվում է ավարտվե՞ց, հրադադար է, դա մեզ համար անհրաժեշտ ձեռքբերում է, որը պետք է պահենք, որպեսզի մեր կորուստները վերականգնելու շանս ունենանք»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել