Երևանի քաղաքապետարանն ու ՄԱԶԾ-ն կմշակեն համատեղ նոր ծրագրեր

Երևանի քաղաքապետարանը և ՄԱԿ-ի զարգացման գործակալությունը ամփոփել են վերջին տարիների համագործակցությունն ու քննարկել քաղաքային նոր ծրագրերի իրականացման հնարավորությունը: Քաղաքապետարանում կայացած հանդիպմանը ներկայացվել են գործակալության հետ հաջողությամբ կյանքի կոչված, մասնավորապես, բնապահպանական նշանակության, այդ թվում՝ փողոցների լուսավորության, շենքերի էներգաարդյունավետության բարձրացման և էներգախնայողության ծրագրերը: Քաղաքի զարգացման հեռանկարային ուղղությունների մասին զրուցելիս կողմերն ընդգծել են, որ Երևանը պետք է լինի նորարարական, կանաչ, հարմարավետ բոլորի համար:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից:

«Քաղաքապետարանի աշխատանքները հնարավորինս պարզ, բաց, վերահսկելի դարձնելը, թվայնացումն ու մատուցվող ծառայություններն էլեկտրոնային դարձնելը մեզ համար առաջնային խնդիրներից է, և այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում: ՄԱԿ-ի զարգացման գործակալության հետ փոխգործակցությունը, վստահ եմ, նոր հնարավորություններ կստեղծեն»,- նշել է Երևանի քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանը:

«Տարբեր ոլորտներում քաղաքային իշխանության հետ համագործակցությունը բավական երկար տարիների պատմություն ունի: Ունենք հաջողված ու արդեն իրականություն դարձած ծրագրեր: Մի շարք նախագծերի վերաբերյալ սպասում ենք պատասխանների: Կան նաև գաղափարներ, որոնց ոլորտները պետք է մշակվեն համատեղ»,-ասել է ՀՀ-ում ՄԱԿ-ի ԶԾ նորարարության և կայուն զարգացման նպատակների ֆինանսավորման ծրագրերի ղեկավար Տաթևիկ Քոլոյանը:

Երևանի զարգացման տեսլականը ձևավորելու նպատակով առաջիկայում քաղաքապետարանը կստեղծի աշխատանքային խումբ, որում կներգրավվեն նաև ՄԱԶԾ մասնագետներ: Ծրագիրը նոր գաղափարներով և մոտեցումներով քաղաքի գլխավոր հատակագծի մշակման և վարման հիմք կդառնա՝ թվային տեխնոլոգիաների ու կառավարման եղանակների կիրառման հիմքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել