Թբիլիսիում Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված բողոքի ցույց է իրականացվել

Թբիլիսիում մեկնարկել է Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված բողոքի ցույցը:

Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Այս տարի ցուցարարները հավաքվել են Թբիլիսիի Ֆիլհարմոնիայի շենքի մոտ, որտեղից երթով շարժվում են դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատան շենք: Ցույցը նախաձեռնել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունը:

Ցուցարարների պաստառներին վրացերենով գրված է՝ «Պայքարը շարունակվում է»: Սա այս տարվա ցույցի խորհուրդն ու խորագիրն է:

Կազմակերպիչները կոչ են արել պանդեմիայի պայմաններում պահպանել Վրաստանի կառավարության կողմից կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված կարգավորումները:

Այսօր ավելի վաղ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Հայոց Ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ է մատուցվել: Նախօրեին՝ ավանդական ջահերով երթը կայացել է միայն Աքալքալաքում ու Ախալցիխեում:

Հիշեցնենք` նախորդ տարի Վրաստանում այս շրջանում խիստ կարանտին էր, ինչի պատճառով Հայոց Ցեղասպանության հիշատակի միջոցառումները չեղարկվել էին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել