Տուգանք՝ հասարակական վայրերում, ԶԼՄ-ներով, սոցցանցերով հրապարակային հայհոյելու կամ վիրավորելու համար․ նախագիծ

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լրացնել օրենսդրության մեջ առկա այն բացը, որը հնարավորություն չի տալիս իրավական պատասխանատվության ենթարկելու հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյած, անպարկեշտ ձևով վիրավորած անձին, եթե վերջինիս արարքը չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով (խուլիգանություն) նախատեսված հանցագործության հատկանիշներ:

Այսպիսով, առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172-րդ հոդվածը լրացնել այսպես․

Հոդված 172. Հրապարակային հայհոյելը

1. Հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյանքը կամ ցանկացած ձևով անպարկեշտ վիրավորանքը, եթե չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով (Խուլիգանություն) նախատեսված հանցագործության հատկանիշներ՝

առաջացնում է տուգանքի նշանակում 100․000- 150․000 հազար դրամի չափով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` 151․000- 300․000 հազար դրամի չափով:

Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ բացառելու համար որակման հետ կապված հնարավոր խնդիրները և փակուղային իրավիճակները, սահմանվել է պայման, ըստ որի կատարված արարքը չպետք է պարունակի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցագործության  (խուլիգանություն) հատկանիշներ:

Որպես պատասխանատվության տեսակ սահմանված է տուգանքը, իսկ տուգանքի չափ է սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսունապատիկը՝ նպատակ ունենալով հնարավորություն տալ իրավակիրառին յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, հաշվի առնելով արարքի բնույթը և օրենսդրությամբ նախատեսված այլ հանգամանքները, ողջամիտ կիրառել՝ ի թիվս այլնի, նաև համաչափության սկզբունքի հստակ պահպանմամբ: Ընդ որում, տուգանքի չափի ընտրությունը պայմանավորված է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 13-րդ գլխով (Հասարակական կարգի դեմ ոտնձգող վարչական իրավախախտումներ), որտեղ նախատեսվում է կատարել հիմնական լրացումը, սահմանված պատժաչափերի հաշվառմամբ: Բացի այդ, պատժաչափի ընտրության հարցում էական է եղել նաև այն մոտեցումը, որ, հաշվի առնելով դրա առնչությունը (սակայն ոչ երբեք պաշտպանությունը) կարծիքի ազատ արտահայտման՝ սահմանադրական և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով ամրագրված իրավունքի հետ, պատժաչափը չպետք է լինի այնքան բարձր, որ իր բնույթով ընկալվի իբրև քրեական բնույթ ունեցող:

Նախագծով լրացվող 172-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում են կարգավորումներ, որոնք նպատակ ունեն կանխելու անձի կողմից նոր այդպիսի արարքի կատարումը՝ սահմանելով առավել խիստ իրավական ներգործության միջոցներ:

Նախագծով նախատեսված մյուս նոր կարգավորումները, որոնք վերաբերում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 224-րդ, 261-րդ, 277-րդ, 287-րդ և 305-րդ հոդվածներին, հանդիսանում եմ լրացվող 172-րդ հոդվածի լիարժեք իրացումն ապահովող հարակից լրացումներ և փոփոխություններ:

Նշվածներից մեկով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 287-րդ հոդվածում կատարել փոփոխություն, որով հրապարակային հայհոյանքի կամ անպարկեշտ ձևով վիրավորանքի հետ կապված գործերով վարչական ակտերը դատական կարգով կարող են բողոքարկվել միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո: Այսպիսի մոտեցման նպատակն է նախ, ապահովել անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը՝ ինչպես այս, այնպես էլ՝ վարչական դատարանում քննվող այլ գործերով դիմած անձանց (նախևառաջ՝ նկատի ունենալով վարչական դատարանի ծանրաբեռնածությունը), ինչպես նաև կանխել վարչական դատարանի հնարավոր նոր ծանրաբեռնվածությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել