Սահմանադրական դատարանը կանգնել է Սահմանադրական կարգը տապալողի կողքին. Արման Բաբաջանյան

«Ես կարծում եմ, որ դատական իշխանության, Սահմանադրական դատարանի, Դատախազության գործողություններն ունեն շատ որոշակի քաղաքական նպատակ: Մենք` որպես քաղաքական ուժ և «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, ծրագրում է բողոքի ակցիաներ: Իրականում կարծում եմ, որ դրանք որևէ օգուտ չեն տալու այս պահին կոնկրետ այս գործով ընթացող զարգացումներին»,-այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նրա խոսքով՝ եթե իշխանությունը չլիներ այսքան թույլ և այսքան անկարող, դատական իշխանությունն այսպես սանձարձակ իրեն չէր պահի և ոտնձգություն չէր ձեռնարկի ընդդեմ ժողովրդավարության և ընդդեմ Հայաստանի պետականության:

«Սահմանադրական դատարանի 3 նոր անդամները գործել են նույն սցենարի շրջանակներում, որ կգործեին նախորդները, և այս փոփոխությունը որևէ բովանդակային փոփոխություն չի բերել ՍԴ-ին: Այս որոշմամբ Սահմանադրական դատարանը կանգնել է սահմանադրական կարգը տապալողի կողքին և այդ որոշմամբ Սահմանադրական դատարանն ինքը տապալել է սահմանադրական կարգը»,-ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ մեր երկրի անվտանգությանն ամենամեծ սպառանալիքն այս պահին Սահմանադրական դատարանն է և պահանջում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրաժարականը: Նրա խոսքով՝ Մարտի 1-ի գործը տապալված է:

«Տեղի ունեցածը պետք է մեծ դաս դառնա իշխանության համար և իրավապահ համակարգի որոշ կարկառուն ներկայացուցիչներ հրաժարական տան, խոսքը գլխավոր դատախազի մասին է, ԱԱԾ-ի տնօրենի մասին է, ՀՔԾ-ի մասին է, այն մարմինները, որ զբաղվել են այս գործով՝ պիտի պատասխանատվության կանչվեն»,-ասաց Արման Բաբաջանյանը:

Նա նշեց, որ տեսնում է հանցավոր համաձայնություն դատական համակարգի և իրավապահ մարմինների միջև:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել