ՍԴ-ն իր խոսքն ասել է, այսօր դատարանն էլ պետք է իր խոսքն ասի․ Սեյրան Օհանյան

«Սահմանադրական դատարանը որոշել է տվյալ հոդվածի սահմանադրականությունը և ասել իր խոսքը։ Ես կարծում եմ, որ այսօր դատարանն էլ պետք է իր խոսքն ասի և հանցակազմի բացակայության պատճառով պետք է կարճի բոլորի նկատմամաբ»․ այս մասին այսօր՝ մարտի 30-ին, Մարտի 1-ի գործով դատական նիստից առաջ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ պետք է փաստաբանների հետ խորհրդակցեն՝ հասկանալու հետագա քայլերը։

«Ամեն դեպքում ՍԴ-ի որոշումը ճիշտ որոշում է, Սահմանադրական դատարանն իր որոշմամբ ևս մեկ անգամ փաստում է, որ այս հոդվածով նաև քաղաքական հետապնդում է եղել մեր նկատմամբ, ես դեռևս այն ժամանակ ասել էի, որ չեմ հասկանում մեղադրանքի էություննն իմ նկատմամբ։ Այն ժամանակ ես Գլխավոր շտաբի պետ եմ եղել, ընդ որում, նաև հիշեցնում եմ, որ 2008 թվականի դեկտեմբերի 25-ին է «Պաշտպանության մասին» օրենքը փոխվել և Գլխավոր շտաբի պետը դարձել որպես զորային կառույցի ղեկավար, երբ ես եղել եմ ԳՇ պետ, ես հրամանատար չեմ եղել»,-նշեց նա։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ ինքն ընթերցել է, որ զինված ուժերն արտակարգ դրության պայմաններում ինչ խնդիրներ պետք է կատարեն ու ԶՈւ-ն այդ ժամանակ կատարել է երկրի կարևոր օբյեկտների պահպանության խնդիրը, ընդ որում՝ և՛ Սահմանադրության, և՛ հրամանագրի, և՛ պահակային կայազորային ծառայության օրենքի պահանաջներին համաձայն, որն ընդունել է ՀՀ Ազգային ժողովը։

«Եթե մեղադրանքը վերաորակավորվի, դա կնշանակի, որ ևս մեկ անգամ հաստատում են հետապնդումը։ Ես գտնում եմ, որ վարչապետն այդտեղ որևիցե մի անելիք չունի, որովհետև վարչապետը դատական իշխանության ղեկավարը չէ, մեր երկրում կա օրենսդիր, գործադիր և դատական իշխանություն․ վարչապետն օրենսդիր իշխանության ղեկավարն է։ Ինքը մեկ անգամ է այդտեղ անելիք ունեցել՝ 2008 թվականի մարտի 1-ին և հրահրել այդ ամբողջ գործունեությունը, ամբողջ ընթացքը և այսօր այդտեղ վարչապետն անելիք չունի։ Անելիքը դատական իշխանության հարթության մեջ է»,-ասաց նա։

Օհանյանը նշեց, որ բոլոր տեսաերիզներում երևում է, թե ով է հրահրում, բախման կոչ անում, «ում հոգին է լուսավորվում, երբ ոստիկանների ձեռքից ինչ-որ ոստիկանական պարագաներ էին վերցնում և նաև համապատասխան փոքր, տեղային հարձակումներ իրականացնում ոստիկանական զորքերի վրա»։

Ինչպես արդեն հայտնել ենք, Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների  հիման վրա` ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ որոշումը, որում ասված է․

«Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող հոդվածը համահունչ չէ Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին: Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և 4-րդ մասը, 170-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64, 69 և 71-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ․

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածը ճանաչել Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։

Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ։

Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվեց Սահմանադրության 78 (Համաչափության սկզբունք) և 79-րդ (Որոշակիության սկզբունք) հոդվածներին հակասող և անվավեր։

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։ Սեյրան Օհանյանի նկտամամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանաու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել