Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվում այն մասին, որ Էջմիածնի տարածքում մի քանի կին երեխաների կոնֆետներ են տվել, ստիպել՝ ուտեն։
«Մարտի 16-ին, ժամը 18։30-ի սահմաններում Էջմիածնի հայորդաց տնից վերադառնալիս, մոտավորապես Մայր Աթոռի տարածքում, 13-14 տարեկան աղջիկներին են մոտեցել 40-45 տարեկան երեք կին ու կոնֆետներ առաջարկել։ Երեխաները հրաժարվել են անծանոթ կանանց հյուրասիրությունից։ Տիկնայք սկսել են համառել և դեղահաբի տուփի նմանվող փաթեթից հանելով վարդագույն ու երկնագույն կոնֆետները, սկսել են պարտադրել, որ երեխաներն ուտեն։ Աղջիկներին այդ համառությունը տարօրինակ է թվացել։
Աղջնակները նկատել են նաև, որ անծանոթները կոնֆետի տուփերով այլ երեխաների էլ էին մոտենում։ Մարիամն ու իր ընկերուհիները փորձել են հետ պահել փոքրիկներին՝ ասելով՝ դրանք լավը չեն, մի կերեք, բայց չեն հասցրել։ «Կոնֆետը կերած երեխաներից մեկն ասաց, որ լավ համ չուներ»,-ասում է Մարիամը։
Այս միջադեպին ականատես մի անցորդ կին կոնֆետ հյուրասիրող կանանց հետ վեճի է բռնվել՝ պահանջելով իրենց կոնֆետներով հանդերձ հեռանալ քաղաքից»,-նշվում է հրապարակումներում։
Իրավաբան.net-ը կապ հաստատեց ոստիկանության հետ, որտեղից մեզ փոխանցեցին․
«Նման բովանդակությամբ ահազանգ կամ հաղորդում ոստիկանության Վաղարշապատի բաժնում չի ստացվել։ Հրապարակումը կուսումնասիրենք»։