«Եթե իրենց Ընտրական օրենսգրքին կողմ քվեարկենք, հիմա էլ գալու են ժամացույցս ուզեն». Էդմոն Մարուքյանը՝ արտահերթ ընտրությունների մասին

«Դեկտեմբերի վերջին եղել է հանդիպում մեր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության և վարչապետի միջև, որի ժամանակ մեզ առաջարկվել է ստորագրել հուշագիր, որով մենք պարտադրվում էինք, որ վարչապետի հրաժարականի դեպքում, չենք առաջադրվի վարչապետի թեկնածու և չենք առաջադրի որևէ մեկին և խորհրդարանը կլուծարեն ու կգնանք ընտրությունների: Այդ ժամանակ ընդդիմության շրջանում կար օրակարգ, որ պետք է ընտրել անցումային վարչապետ: Մենք վարչապետին ասել ենք՝ ուզում ենք, որ դուք հրաժարական տաք և մենք ընտրենք անցումային վարչապետ և հետևաբար հուշագիրը չի ստորագրվել»,-այս մասին այսօր՝ մարտի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով՝ իրենք առաջարկել են վարչապետին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի խնդրից մի կողմ քաշվել և իրենք պատրաստ կլինեն գնալ զիջման և կստորագրեն հուշագիրը և ոչ ոքի չեն առաջադրի. «Իշխանությունը չգնաց զիջման և Գլխավոր շտաբի հարցում մինչև վերջ գնաց, դրանից հետո մեկ այլ հայտարարություն արեցինք՝ չնայած, որ դուք անզիջում եք ձեր առաջադրած բոլոր պրոբլեմների համատեքստում, մենք պատրաստ ենք վարչապետի թեկնածու չառաջադրել, եթե մինչև հունիսի մեկը կազմակերպվեն ընտրություններ և վարչապետը հրաժարական տա և խորհրդարանը լուծարվի»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ իրենք՝ տարածքային ռեյտինգային ընտրակարգի փոխարեն առաջարկել են, որ լինի բաց. «Այսինքն Էդմոն Մարուքյանին քվերակել են, և՛ Վանաձորում, և՛ Մեղրիում, և՛ Երևանում և մյուս մարզերում, այսինքն տարածքին կպած չլինի, նախագիծը իշխանության կողմից չի ընդունվել: Թող չակնկալեն, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի այն Ընտրական օրեսգրքին, որին դեմ է: Այդ օրենսգրքում գրել են, որ առաջին տեղը զբաղեցրած քաղաքական ուժը 14-օրյա ժամկետում որոշում է, թե ում հետ է կոալիցիա կազմում, եթե իրենց մոտ 14 օրվա ընթացքում դա չստացվի, 7 օրվա ընթացքում մյուսները կարող են դա անել, և էլի ուրիշ խայտառակ դրույթներ: Եթե իրենց Ընտրական օրենսգրքին կողմ քվեարկենք, հիմա էլ գալու են ժամացույցս են ուզելու»,-ասաց Մարուքյանը:

Նա նշեց, որ անգամ իշխանությանը հարմար Ընտրական օրենսգրքով, մինչև հունիսի մեկն իրենք պատրաստ են գնալ արտահերթ ընտրությունների:

«Այս ընտրություններմն ինձ, ԲՀԿ-ին կամ մեկ ուրիշին պետք չեն, այս ընտրությունները իշխանությանն է պետք, որ վերահաստատի իր մանդատը, եթե ունի մանդատ իր երկիրը ղեկավարելու կամ չվերահաստատի և հեռանա»,-նշեց պատգամավորը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել