Վարչական դատավարության օրենսգրքում ներդրվում են գրավոր ընթացակարգեր

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել վարչական դատավարության արդյունավետությունը, նվազեցնել Վարչական դատարանի և Վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը, երաշխավորել ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը և դատավարական խնայողությունը: Օրենսգրքում ներդրվում են գրավոր ընթացակարգեր: Ինչպես նշել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, գրավոր ընթացակարգը վարչական դատավարությունում ներդնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նախևառաջ այն հանգամանքով, որ Վարչական դատարանում չափազանց մեծ քանակով վիճարկվում են Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքների վերաբերյալ որոշումները:

«Վարչական արդարադատության շուրջ 13 տարիների ընթացքում երկու վարչական դատավարության օրենսգիրք է ընդունվել և գործել, և երկուսով էլ գրավոր ընթացակարգ առհասարակ նախատեսված չի եղել, ինչը մեր գնահատմամբ էականորեն ազդում է դատարանի ծանրաբեռնվածության վրա: Բացի այդ, այն գործերը, որտեղ վեճը հնարավորինս պարզ է, մեր կարծիքով բանավոր քննության անհրաժեշտություն չկա և կարող ենք սահամանափակվել գրավոր ընթացակարգով: Բարձրագույն դատական խորհրդի հաղորդման համաձայն, վերջին տարիներին վիճարկման հայցերը, չորս հայցատեսակ կա վարչական դատավարությունով, ամենաշատը հենց վիճարկման հայցերն են, երբ վիճարկվում են վարչական մարմինների վարչական ակտերը: Շուրջ 566 տոկոսով ավելացել են: Եվ եթե 2018-2020թթ. վիճակագրությունը նայենք, այն գործերը, որոնցով մենք գրավոր ընթցակարգ ենք ներդնում, կազմում է ընդհանուր գործերի 80 տոկոսը և ավելին: Մասնավորապես՝ 20 19թ. 7165 դատական ակտ է կայացվել վիճարկման հայցերով և 5755 դատական ակտը վերաբերել է այն հոդվածներին, որոնց մասով առաջարկում ենք գրավոր ընթացակարգ ներդնել: 2020թ.՝ 4957, որից 3247-ը կրկին այս հոդվածներով է: Հետևաբար, հիմք ընդունելով այս գործերի բնույթը և այս իրավախախտումներով գործի քննության համեմատաբար պարզ լինելը, մենք նպատակահարմար ենք համարում նշված գործերի քննության համար սահմանել բացառապես գրավոր ընթացակարգ ինչպես առաջին ատյանում, այնպես էլ Վերաքննիչ դատարանում ևս հնարավորություն ընձեռնել ակտերի վերանայումն իրականացնել գրավոր ընթացակարգով»,-նշել է նախարարը:

Ըստ այդմ, նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.3-րդ հոդվածով, 123.5-րդ հոդվածի 1-2-րդ մասերով, 123.6-րդ, 124-րդ, 124.3-րդ, 124.4-րդ և 124.7-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության պարտադիր գրավոր ընթացակարգ, եթե առկա չեն գրավոր ընթացակարգը բացառող հիմքեր: Այլ վարչական գործերի քննության դեպքում ևս նախատեսվել է գրավոր ընթացակարգ կիրառելու վարչական դատարանի հայեցողություն: Վարչական վերաքննիչ դատարանին տրված է հնարավորություն Վարչական դատարանում գրավոր ընթացակարգով քննության արդյունքում կայացված դատական ակտերի վերանայումն իրականացնել գրավոր ընթացակարգով:

ՀՀ կառավարության օրենսդրական այս նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Խախտումների վերաբերյալ էլեկտրոնային ծանուցումների հետ կապված՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ «Հայփոստ»-ը ներկայումս աշխատանքներ է իրականացնում էլեկտրոնային նամակի իրավաչափ ծանուցման մեխանիզմ ներդնելու ուղղությամբ: «Այս մասով նույնպես արդարադաության նախարարության հետ աշխատանք է տարվում: Այստեղ հարցը կապված է ծանուցված համարվելու փաստը արձանագրելու իրավական հիմքի հետ, և այդտեղ տեխնոլոգիական նորարության հարց կա: Այս պահին, իհարկե, ավտոմատացված համակարգով թղթային տարբերակով ծանուցումներն ուղարկվում են, սակայն այն ամբողջությամբ թվայնացնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,-ասել է Հակոբ Արշակյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել