Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը, սակայն վարչապետի առաջարկությունը հետ չի ուղարկվել։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում են նախագահի աշխատակազմից։
«Նախագահը եռօրյա ժամկետում կհայտնի իր դիրքորոշումը»,- նշեցին նախագահի աշխատակազմից։
Ըստ Սահմանադրության, Հանրապետության նախագահը ԳՇ պետին ազատելու մասին Վարչապետի առաջարկը կարող է եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել վարչապետին: Եթե վարչապետը չի ընդունում նախագահի առարկությունը, ապա նախագահը ստորագրում է ազատման ակտը կամ դիմում է ՍԴ (Սահմանադրության 133, 139 հոդվածներ): Եթե նախագահը չի ստորագրում ազատման ակտը, ապա նա ՍԴ կարող է դիմել իր առարկություններն վարչապետի կողմից չընդունվելու պահից եռօրյա ժամկետում: Այս գործերը ՍԴ քննում է դիմումը մուտքագրվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում (ՍԴ մասին … օրենքի 86-րդ հոդված):
Եթե Նախագահը երեք օրում չի ստորագրում ԳՇ պետին ազատելու ակտը և չի դիմում ՍԴ, ապա ՍԴ դիմելու համար նախատեսված երեք օրը լրանալուց հետո համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով: