Կեղծ տեղեկությունների հերքման պահանջով դիմել եմ Ազատություն ռադիոկայանին, որը չիրականացնելու դեպքում իմ խախտված իրավունքները կվերականգնեմ դատական կարգով. Դավիթ Գալստյան

Դավիթ Գալստյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Ինձ ապօրինի կալանավորելուց հետո որոշ լրատվամիջոցներ տարածեցին կեղծ լուրեր, որ իբր ես հանդիսացել եմ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ինչին հաջորդեց իմ հերքող հայտարարությունը, առ այն, որ «ես երբեւէ չեմ հանդիսացել որեւէ նախարարի խորհրդական, երբեք չեմ զբաղեցրել որեւէ պաշտոն, ինչպես ՀՀ Պաշտպանության նախարարությունում, այնպես էլ պետական այլ գերատեսչություններում։

Կռահելով, թե որ անձանց շրջանակներին է ձեռնտու նման կեղծ տեղեկությունների տարածումը եւ վստահ լինելով, որ քրեական գործի քննության ընթացքում հերքվելու են ինչպես այդ, այնպես էլ նախաքննության մարմնի կողմից հրապարակված այլ տվյալները՝ հորդորել էի նման լուրեր տարածողներին, այսուհետ ձեռնպահ մնալ այդպիսի գործելաոճից»։

Սակայն, ի հակառակ նախկինում իմ կողմից հնչեցված հորդորների Ազատություն ռադիոկայանը 07․02․2021 թվականի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի ընթացքում երկու անգամ, միտումնավոր շեշտում է իմ՝ իբր պաշտպանության նախարարի խորհրդական լինելու հանգամանքը։ Իսկ հաղորդման հյուր հանդիսացող անձը՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, քաջատեղյալ լինելով այս կեղծ տեղեկատվության մասին, որևէ կերպ չի հերքում այդ հանգամանքը։

Այս պահին չանդրադառնալով այդ հաղորդաշարի ընթացքում հնչեցված անհեթեթ մտքերին հայտնում եմ, որ արդեն ակնհայտ է այն անձանց և լրատվամիջոցների շրջանակները, որոնք հետևողականորեն լծվել են ինձ վարկաբեկելու և իրենց ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր գործիքներով կեղծ տեղեկությունների ստեղծմանը և տարածմանը՝ գիտակցաբար ուղղակի վնաս հասցնելով նաև մեր զինված ուժերի բարձր հեղինակությանը։

Կեղծ տեղեկությունների հերքման պահանջով դիմել եմ Ազատություն ռադիոկայանին, որը չիրականացնելու դեպքում իմ խախտված իրավունքները կվերականգնեմ դատական կարգով»։

Հիշեցնենք, որ ԱԱԾ հաղորդագրության մեջ ասվում է, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ:

Այնուհետև, օգտվելով կնքված պայմանագրի ուժով ընձեռնված հնարավորությունից, Ա. Բ.-ն և Դ. Գ.-ն ձեռնամուխ են եղել կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքը խաբեությամբ իրացնելու և դրա դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորության իրագործմանը և այդ նպատակով պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, մեկ միասնական դիտավորությամբ, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի Չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են, մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը և այլն։

Հարկ է նշել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ներկայումս քննվում են նաև Դ.Գ.-ի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը կատարված մատակարարումների ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ այլ քրեական գործեր, որոնցով այս պահին իրականացվում են ակտիվ քննչական և դատավարական գործողություններ:

Գալստյանն ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին արտադրված զինամթերք, ինչի վերաբերյալ հետագայում մեր կողմից կբացահայտվեն դրանք հիմնավորող ապացույցները և մյուս բոլոր փաստական տվյալները։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել