ՀՀ ոստիկանությունն ավարտել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Սերոժ Ղարիբյանի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ իրականացված ծառայողական քննությունը:
Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Սերոժ Ղարիբյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ ՀՀ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու և ղեկավարների կողմից ապօրինի հրամաններ տալու վերաբերյալ հայտարարության կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է ծառայողական քննություն։
Պարզվել է, որ ոստիկանության կապիտան Սերոժ Ղարիբյանի անմիջական կամ ուղղակի ղեկավարները նրան կամ այլ ծառայողի ապօրինի հրամաններ, ցուցումներ կամ հանձնարարականներ չեն տվել, ուստի ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք»,-ասված է ոստիկանության հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին համացանցում տարածվել էր ոստիկանության կապիտան, օպերլիազոր Սերգեյ Ղարիբյանի գրառումը, որով վերջինս հայտնում է, թե ոստիկանությունում ծառայությունից ազատվելու զեկուցագիր է ներկայացրել: «Քաջատեղյակ ենք՝ ապօրինի հրամանը կատարման ենթակա չէ՛, առավելևս նման իրավիճակում ոչ մի ապօրինի հրաման չի կարող կատարվել մեր կողմից՝ մեզ հակադրելով մեր իսկ ժողովրդին։ Սա է մեր երդման էությունը, ոգին և բովանդակությունը, որից ամեն շեղում ոչ միայն ապտակ է մեր սպայական արժանապատվությանն, այլև անարգանք է՝ ուղղված մեր մարդկային բարոյականությանը, քամահրանք՝ հանուն ազատության կռվում ընկած մեր բյուրավոր հերոս Տղերքի հիշատակին»,- մասնավորապես գրել էր կապիտանը: