Կառավարությունը վաղը համապատասխան որոշում կընդունի՝ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության լիազոր ներկայացուցիչներ նշանակելու մասին։
Ըստ որոշման՝ լիազոր ներկայացուցիչներ են նշանակվելու վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ու աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Գործակալության զգալի մասի՝ 51 տոկոս բաժնեմասի լիազոր ներկայացուցիչն Էդուարդ Աղաջանյանն է լինելու, 49-ը՝ Մանե Գևորգյանը: Նշենք, որ գործող որոշմամբ «Արմենպրես»-ի 50 տոկոս բաժնետոմսը պատկանում է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի, իսկ 25-ական տոկոսները ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարին և ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետին:
Հիմնավորման մեջ նշվում է, որ «Արմենպրես»-ի գործունեությունը հիմնականում համակարգվում է վարչապետի մամուլի քարտուղարի և վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության միջոցով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչությունը և վարչապետի մամուլի քարտուղարը «Արմենպրես»-ի միջոցով սկսել են աշխատանքներ տանել հաղորդակցության ոլորտում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ, առավել նպատակահարմար է սույն որոշման ընդունումը:
Նախագիծն, ի դեպ, ընդգրկված է չզեկուցվող հարցերի ցանկում: