«Արմենպրեսի» կառավարումն անցնում է Էդուարդ Աղաջանյանին և Մանե Գևորգյանին

Կառավարությունը վաղը համապատասխան որոշում կընդունի՝ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության լիազոր ներկայացուցիչներ նշանակելու մասին։

Ըստ որոշման՝ լիազոր ներկայացուցիչներ են նշանակվելու վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ու աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Գործակալության զգալի մասի՝ 51 տոկոս բաժնեմասի լիազոր ներկայացուցիչն Էդուարդ Աղաջանյանն է լինելու, 49-ը՝ Մանե Գևորգյանը: Նշենք, որ գործող որոշմամբ «Արմենպրես»-ի 50 տոկոս բաժնետոմսը պատկանում է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի, իսկ 25-ական տոկոսները ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարին և ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «Արմենպրես»-ի գործունեությունը հիմնականում համակարգվում է վարչապետի մամուլի քարտուղարի և վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության միջոցով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչությունը և վարչապետի մամուլի քարտուղարը «Արմենպրես»-ի միջոցով սկսել են աշխատանքներ տանել հաղորդակցության ոլորտում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ, առավել նպատակահարմար է սույն որոշման ընդունումը:

Նախագիծն, ի դեպ, ընդգրկված է չզեկուցվող հարցերի ցանկում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել